Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի իշխանության խնդիրը հենց այն է, որ կարողանա մանևրել արտաքին քաղաքական դաշտում և առաջ մղել Հայաստանի շահերը. քաղաքագետ

Քաղաքականություն
Robert Ghevondyan

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  73-րդ նիստին եւս մեկ անգամ ընդունվել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևն Աբխազիայի եւ Հարավային  Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Ի տարբերություն նախորդ տարիների երբ  Հայաստանը դեմ էր քվեարկում, այս անգամ չի մասնակցել:

Այս համատեքստում հետաքրքիր է, որ  օրեր առաջ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ նախազգուշացրել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով  Ռուսաստանի Դաշնությունում է՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Նա արդեն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այս իրադարձությունների հետ կապված «Ա1+»-ը հեռախոսազրույց ունեցավ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Նրա խոսքով՝ բանաձևի քվեարկության չմասնակցելը ողջունելի է, որովհետև վերջապես Հայաստանի արտաքին շահերն առաջնահերթ են դարձել. «Այս ամենը հետևանք է այն ամենի, որ Հայաստանը փորձում է հավասարակշռել արտաքին քաղաքականության առանցքը, ոչ թե Ռուսաստանի հաշվին, այլ՝ հայկական շահերն առաջին պլան բերելով»։

Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ Վրաստանը միշտ ընբռնումով է մոտեցել Հայաստանի վարած քաղաքանությանը, նույնիսկ այն դեպքում, երբ հայկական կողմը դեմ է քվեարկել հիշյալ բանաձևին, և այս կապակցությամբ հայ-վրացական հարաբերություններն ավելի բարեկամական միջավայրում կզարգանան, ինչպես նաև հարաբերությունները կշահեն սրանից։

«Վրաստանը մեր միակ ելքն է դեպի Եվրոպա։ Այն, ինչը որ պետք է արվեր ժամանակին, արվում է հիմա, բայց ունենք այն, ինչ ունենք»,- շեշտեց նա։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ քաղաքագետը հույս հայտնեց, որ Ռուսաստանին կբացատրվի, որ Հայաստանն էլ ունի իր շահերը, և պարտադիր չէ, որ երկուսի շահերը միշտ պետք է համընկնեն։

Խոսելով Հանրային ծառայությունների կատարած գործողությունների մասին՝ նա դա չկապեց Փաշինյան-Պուտին հանդիպման հետ, չնայած տեղի ունեցածի մասին, այնուամենայնիվ, խոսակցություն կլինի. «Խորհուրդ կտայի Հայաստանի իշխանությանը փորձել տարանջատել տնտեսական հարցերը քաղաքականից, չնայած դժվար կլինի։ Քանի որ Ռուսաստանի ձեռքում տնտեսական քաղաքականությունը գործիք է քաղաքական դիվիդենտներ շահելու համար»։

Հարցն այն է, ըստ Ղևոնդյանի, թե առանցքային հարցերում Հայաստանն ինչպես իրեն կդրսևորի որպես ռազմավարական դաշնակից և որ քայլեր արվեն, որպեսզի ավելի փոքր խնդիրները, այդ թվում վերոնշյալ տնտեսական խնդիրները, բացասական ազդեցություն չունենան հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Ռուսաստանը կփորձի կանխել Հայաստանի այսպիսի քայլերը հետագայում, բայց Հայաստանի իշխանության խնդիրը հենց այն է, որ կարողանա մանևրել արտաքին քաղաքական դաշտում և առաջ մղել Հայաստանի շահերը։ Թե ինչքանով կկարողանա, կտեսնենք հետագայում»,- ընդգծեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Այն հարցին, թե առանցքային հարցերում, օրինակ՝ Ղրիմի հետ կապված, արդյո՞ք Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել, նա ասաց, որ Ռուսաստանը հետագայում նույնպես փորձելու է  իր գործիքների միջոցով ճնշում գործադրել և դա բնական է։

«Ռուսաստանի շահերից է դա ելնում։ Փորձելու է այնպես անել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում նույնպես Ռուսաստանի շահերը պաշտպանվեն։ Բայց Հայաստանի և իշխանության խնդիրն է դիմակայել այդ ճնշումներին և գտնել այնպիսի կետեր, որոնք հնարավորություն կտան հայ-ռուսական հարաբերությունները չվտանգել, բայց, այնուամենայնիվ, այլ ուղղություններում կարողանալ սեփակա շահերը պաշտպանել»,- եզրափակեց քաղաքագետը։