Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթոռներ են կոտրել

Մարզեր

Գյումրիում ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուս ստանալու համար հերթ կանգնած քաղաքացիները այնպիսի ծեծկռտուք են սարքել, որ կարգուկանոն հաստատելու նպատակով հարկային տեսչության աշխատակիցները տարածք են հրավիրել ոստիկանության աշխատակիցներին:

   Ոստիկանության աշխատակիցների կողմից արդեն դիտողություն ստացած քաղաքացիներն  արդեն  խաղաղվել  էին, երբ  նկարահանող  խումբը  մոտեցավ  նրանց: Տարածքը լքեցին նաեւ ոստիկանության աշխատակիցներն ու բացատրությունների համար հարկային տեսչության բակում մնացին միայն իրենք՝  հարկայինի աշխատակիցները, ովքեր հասցրել են արդեն հոգնել ու ձանձրանալ բնակիչների ամենօրյա աղմուկից:

Աղմուկն էլ, ինչպես պարզաբանում է Գյումրու տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ Աշոտ Ավագյանը, ընդամենը քաղաքացիների՝ միմյանց նկատմամբ հերթում անհանդուրժողական լինելն է:  ՙԱնհարկի հերթեր առաջացնելու հարկ չկա յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ներկայացրած կտրոնների դիմաց միջնորդագիր ստանալու մինչեւ դեկտեմբեր ամսի վերջին աշխատանքային օրը՚,-ասաց նա:

  Իսկ քաղաքացիները պատասխանատուների հորդորներին վստահությամբ չեն մոտենում, նշելով, թե իրենց ոչ միայն պատշաճ կերպով չեն սպասարկում, այլեւ հրաժարվում են տեղեկատվություն տրամադրելուց:

  Հարկայինի աշխատակիցներն հավաստում են, որ երրորդ եռամսյակի բոնուսների վճարման նպատակով միջնորդագրերի տրամադրումն իրականացվում է առանց որեւէ խախտման, հաշվի չի առնվում ծանոթ բարեկամ լինելու հանգամանքը: Տեսչությունը սակայն արդեն վնասներ է կրել այս գործընթացի պատճառով: Քաղաքացիները կոտրել են մեկ տասնյակ աթոռներ ՝ներսում հերթ կանգնելու ընթացքում, դրա համար այժմ հարկային ներս են թողնվում հինգական բնակիչ:

  Գյումրու տարածքային հարկային տեսչության պետի տեղակալի խոսքերով անկարգություններից զատ բնակիչները ՀԴՄ-ներ ներկայացնելուց փորձում են խորամանկությունների միջոցով ավելի շատ բոնուսային գումարներ վաստակել:

  Ամեն դեպքում չնայած աշխատանքների լարվածությանը, նշենք, որ հուլիսի մեկից մինչ օրս Գյումրու տարածքային հարկային տեսչությունը բոնուսների վճարման համար քաղաքացիներին տրամադրել է 3716 միջնորդագիր,ներկայացված կտրոնների ընդհանուր գումարը կազմել է մեկ մլրդ 390մլն դրամ, որի դիմաց բոնուսի գումարը կազմել է 41մլն 214հազար դրամ:  

 Գյումրիի «Ցայգ» ՀԸ