Երևանում 71 հարկանի շենք կկառուցվի՝ անմոռուկի տեսքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկից բաղկացած շենք կկառուցվի։ Այն կունենա անմոռուկի տեսք։ Շենքի շինարարության նախաձեռնողը հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է։ Վերջինիս տնօրեն Մերի Մկրտչյանի խոսքով շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու․ նախատեսում են այնտեղ տեղակայել մոտ 200 հեկտար ծիրանի այգի, կլինեն նաև խաղահրապարակներ և հանգստի գոտի։ «Անմոռուկ» համալիրի նախագիծը մշակել են արաբական «Բայնոնա» ընկերության հետ համատեղ։ Երկու ընկերությունների ներկայացուցիչները պնդում են՝ շենքը կհամապատասխանի սեյսմիկ անվտանգության բոլոր նորմերին և կլինի անվտանգ։
«Եթե աշխարհում կան նմանատիպ շինություններ, ապա ինչու նոր որակ չմտցնենք Հայաստանի հանրապետությունում։ Այստեղ կլինի մոտ 2500 աշխատատեղ, իսկ շինարարության ընթացքում մոտ 1300 աշխատատեղ։ », - ասաց Մերի Մկրտչյանը։
Ավելացրեց՝ գաղափարն ամբողջությամբ հայկական է, ճարտարապետը՝ հայ։ Վերջինիս անունը, սակայն ընկերության տնօրենը նախընտրեց դեռևս գաղտնի պահել։
«Լաուրա ինվեսթմընթ» ընկերության տնօրենի խոսքով շենքի կոնցեպտը մշակել են շուրջ 2 տարի, ևս 2 տարի կտևի նախագծային աշխատանքը, որից հետո շինարարական աշխատանքներ կընթանան մոտ 5 տարի։
Ընկերություններն այսօր ստորագրեցին հուշագիր՝ հետագա գործակցության և հայ-արաբական գործարար կապերն ամրապնդելու համար։