Ադրբեջանը հայատյաց քաղաքականությամբ շարունակում է Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք մնալ․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանը թե՛ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի, թե՛ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման շրջանակում առաջնորդվում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության պահպանման նպատակով։ Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության պահպանումը և ամրապնդումը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից»,- ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի բացման խոսքում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ԱԳ նախարարը վստահ է՝ խաղաղությունն այլընտրանք չունի, և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար։
«Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են։ Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկատում։ Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը, և ըստ այդմ՝ չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը։ Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովորդի գոյության սպառնալիք»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը։
Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում, նշեց ԱԳ նախարարը։