Կարեն Գիլոյանը խնդրանքով դիմել է Արայիկ Հարությունյանին
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Երևանում «Արագած» - «Բարսի» խաղով կմեկնարկի բասկետբոլի Եվրասիական լիգան։ Ինչպես այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը, անդրանիկ մրցաշարին մասնակցելու են 6 թիմեր։
«Մրցաշարին կմասնացեն Երևանի «Ուրարտուն» ու «Արագածը», ղազախական Ատիրաուի «Բարսին», բելառուսական Բորիսովի ԲԱՏԷ-ն, ռուսական Տուլայի «Արսենալը»։ Վեցերորդ թիմի անունը դեռ հայտնի չէ, բայց արդեն բանակցում ենք մի քանի հայտնի ակումբների հետ։ Վաղը կամ մյուս օրն արդեն հայտնի կդառնա լիգայի վերջին մասնակիցը», - ասաց սպորտային մեկնաբանը, ով միաժամանակ «Ուրարտու» ակումբի նախագահն է։
Սակայն, բացի նրանից, որ դեռ հայտնի չէ մասնակիցների մեկի անունը, լիգան չունի նաև հիմնական հովանավոր և մրցանակային հիմնադրամ։ Ինչպես նշեց Կարեն Գիլոյանը, ֆինանսական հարցրեը լուծելու համար ինքը խնդրանքով դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
«Լիգային մասնակցող արտասահմանյան թիմերը ֆինանսավորվում են հենց պետության կողմից։ Առանց պետական աջակցության հնարավոր չէ ստեղծել ուժեղ և մրցունակ թիմեր։ Լավ կլինի, որ լիգայի խաղերին մեծ թվով պետական այրեր ներկա լինեն և իրենց ներկայությամբ աջակցեն մեր թիմերին», - ասաց լիգայի նախագահը։
Ինչպես հայտնեց բասկետբոլի Եվրասիական լիգայի գլխավոր քարտուղար Արա Պողոսյանը, մրցաշարը կանցկացվի երկու փուլով։ Նախ կանցկացվի կանոնավոր առաջնություն, որից հետո առաջին չորս տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆ տարբերակով որոշելու են հաղթողին։ Ուժեղագույն քառյակի մրցաշարը նախատեսված է անցկացնել 2020թ մարտի վերջին, Երևանի մարզահամերգային համալիրում։
Այն, թե որքանով կստացվի նորաստեղծ բասկետբոլային լիգան, ցույց կտա ժամանակը, սակայն նախնական գովազդն այնքան էլ տպավորիչ չէր։