Արարատ Միրզոյանը կոշտ արձագանքեց Արսեն Թորոսյանին
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն տեղեկացրել էինք, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանել:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ այդ նախագծին: Նշենք, որ Կառավարությունը դեմ է, որպեսզի այդ կենտրոնը դուրս գա մասնավոր հատվածից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում կոչ արեց, որպեսզի նման նախագիծ առաջարկելուց առաջ նախարարության հետ գործակցեն:
«Չնայած դրան ի պատասխան ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնեն, թե ինչպես է պետք աշխատել ԱԺ-ին, մենք պարզապես ուզում էինք կառուցողական ուղով տանել այդ ամեն ինչը, որովհետև, երբ որ ինֆորմացիան հասանելի է լինում, միգուցե նախագծերը չծնվեն»,- ասաց նա:
Արսեն Թորոսյանը պնդեց՝ դեմ են կենտրոնը մասնավորեցումից հանելուն, բայց, եթե Ազգային ժողովը հարկ համարի, որ այդ կենտրոնը պետք է կառավարեմ՝ ես, ես դա կանեմ շատ բարձր մակարդակով:
Արսեն Թորոսյանի ելույթից հետո, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կոշտ արձագանքեց պարոն Թորոսյանին: ԱԺ նախագահը դիմելով Առողջապահության նախարարին ասաց.
«Ի գիտություն, պարոն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել են Ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել և դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահամնները պահելու համար, խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- նկատեց նա: