Բացել լրահոսը Փակել լրահոսը
1003178
A A
Քաղաքականություն

Աննա Նաղդալյանն արձագանքել է ԱԳՆ-ների հանդիպման մասին Դավիթ Շահնազարյանի վերլուծություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ժնևում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին Դավիթ Շահնազարյանի արած վերլուծություններում որևէ աղերս չի տեսնում իրականության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Նաղդալյանը:

Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշել էր նա:

Հունվարի 29-30-ը տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել: «Ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը: ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում: