Բացել լրահոսը Փակել լրահոսը
84109860_1101121070226534_5764445469623189504_n
A A
Քաղաքականություն

2019-ը միակ տարին է եղել, որ գյուղատնտեսությունն իրականցվել է առանց որևէ կրակոցի․ Տավուշի մարզպետ

Այսօր լրանում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի պաշտոնավարման մեկ տարին։

Այս առթիվ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը նա ամփոփեց տարին՝ տալով 4 բնորոշում։

«Իսկապես ծանրաբեռնված տարի էր, նաեւ ոգևորության տարի է եղել, դժվարությունների տարի է եղել, որը երկու հանգամանքների հետ է կապված եղել՝ պետական կառավարման համակարգում առկա այն խութերը, որոնք խանգարել են, որ գործընթացները արագ գնան, և երկրորդը՝ մտածողության խնդիրը, որը առկա է հասարակության մեջ: Չորրորդ խնդիրը, որի հետ առնչվել ենք, մարդկային ներուժի զարգացման անհրաժեշտությունն է, սրանով փորձել ենք առավելագույնս զբաղվել»:

Մարզպետի գնահատմամբ՝ ստացված ցուցանիշները վկայում են, որ լավ աշխատանքի տարի է եղել.

«Ընդհանուր ֆինանսական ծավալը տարբեր ոլորտներում կազմել է 29.8 մլրդ դրամ 2018 թվականին, դրա հիման վրա 2019-ին պլանավորված է եղել 30.5 մլրդ դրամ ընդհանուր տնտեսական շրջանառություն, սակայն մենք ունեցել ենք 46,6 մլրդ դրամ ընդհանուր տնտեսական շրջանառություն՝ ներդրումների տեսքով»։

Առանձնացնելով այն ոլորտները, որտեղ ամենաշատն է տնտեսական աճ արձանագրվել՝ մարզպետն ասաց․

«Արդյունաբերության, փոքր և միջին ձեռներեցության ոլորտն է, որտեղ մենք 1.3մլրդ կանխատեսվողի փոխարեն ունեցել ենք 2.5 մլրդ դրամ տնտեսական ընդհանուր ներգործություն, բավականին մեծ նշանակություն ենք տվել այս ոլորտին, նաև պետական աջակցությամբ, այս տարի շարունակելու ենք արդյունաբերության ոլորտում մեր ակտիվ քաղաքականությունը»։

Մարզպետը տեղեկացրեց՝ Պառավաքարում բացվելու է շուրջ երկու հարյուր աշխատատեղ տեքստիլ արդյունաբերության ոլորտում, անցյալ տարի Իջևանում ևս բացվել է տեքստիլի արտադրություն, որում ներգրավվել են մոտ հարյուր հիսուն աշխատող: Չոբանյանը վստահեցրեց՝ այս ուղղությամբ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծելու նաև սահմանամերձ գյուղերոււմ։

Ըստ մարզպետի՝ զբոսաշրջությունը ևս առաջընթաց է գրանցել մարզում: Եղել են մի շարք կարևոր ծրագրեր այս ոլորտում․

«Առաջինը փոքր հյուրատների զարգացումն է։ Շատ ենք խոսել այն մասին, որ Տավուշում տուրիզմը կենտրոնացված է հատկապես Դիլիջանում, մեր նպատակն է, որ կենտրոնացվածությունը մեծացնենք, աշխարհագրությունը մեծացնենք, հաջորդ ծրագիրը գյուղատնտեսական տուրիզմի զարգացումն է, որը նույն ելակետը ունի, ինչ կար նախորդ կետում, այն ամենամեծ պոտենցիալ ունեցող ուղղություններից մեկն է, որը կարող է լինել Տավուշում»։

Ըստ մարզպետի՝ տեղում գինեգործությամբ զբաղվողներին տրվել են որոշակի սարքավորումներ, որպեսզի նրանք կարողանան ավելի բարձրակարգ գինեգործությամբ զբաղվել։

«Գյուղատնտեսության ոլորտում ևս բավականին մեծ զարգացում է ապահովվել»,- վստահեցնում է Չոբանյանը․

«Գյուղատնտեսության ոլորտում 2018 թվականին եղել է 6.5 մլրդ դրամ ընդհանուր ֆինանսական ներգործություն, 2019 եղել է տասը միլիարդից ավելի ներդրումներ, որը գերազանցել է պլավորված ցուցանիշը»։

Մարզպետը նաև նշեց, որ Տավուշի հիմնական ուղղությունը այգեգործությունն է․ մարզպետը  համոզված է, որ առաջիկա տարիներին այս ոլորտում արդեն արված ներդրումները շատ մեծ արդյունք կապահովեն․

«Այս տարի մեր հիմնական ուղղությունը շարունակելու է լինել այգեգործությունը»։ Չոբանյանը նաև տեղեկացրեց, որ անցյալ  տարի առաջին անգամ ստեղծվել են լիբանանյան սոճու անտառներ, մասնագետները պարզել են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանը նպաստավոր է այս սոճիների աճեցման համար:

Չոբանյանն անդրադարձավ նաև ճանապարհաշինությանը, նշեց, որ 3,9 մլրդ դրամ նախատեսված ներդրումների փոխարեն իրականացվել է 9 մլրդ դրամի ճանապարհաշինություն, վերանորոգվել է 105 կմ ավելի ճանապարհ։

Նաև տեղեկացրեց, որ սկսվել է ևս 20 կմ ճանապարհի վերանորոգման աշխատանք․

«Հատկանշական է սահմանամերձ գյուղերի ճանապարհների շինարարությունը, որը երկար սպասված գործընթաց էր։ Մենք որպես ռազմավարական ուղղություն դիտարկում ենք մեր ներքին ճանապարհների վերանորոգումը»։

Ըստ մարզպետի՝ 2019 թվականին Տավուշի մարզում հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ․

«Այստեղ ներառված չեն Պաշտպանության նախարարության համակարգում ստեղծված աշխատատեղերը, որը եւս մեծ թիվ է կազմում։ Եթե դա էլ հաշվի առնենք, թիվն առնվազն կհասնի 2000-ի»,- ասաց մարզպետը:

Ինչ վերաբերում է Աչաջուրի ծննդատանը, մարզպետն ասաց, որ այս ծննդատունը այնքան էլ չի համապատասխանում այն չափանիշներին, որպեսզի ապահովի անվտանգ ծննդաբերություն։

«Այսօր մենք բանակցում ենք հնարավոր հովանավորների հետ որպեսզի և՛ Արծվաբերդում, և՛ Աչաջրում մենք կարողանանք ստեղծել համապատասխան տեխնիկական պայմաններ՝ անվտանգ ծննդաբերության համար»։

Մարզպետը վստահեցրեց, որ 2019 թվականը միակ տարին է եղել, որ գյուղատնտեսությունը իրականցվել է անվտանգ, առանց որևէ կրակոցի, այսինքն՝ սահմանին կրակոցները էապես կրճատվել են։