Խոջալուի դեպքերը կապված էին նաեւ Ադրբեջանում առկա ներքաղաքական խնդիրների հետ․ Տարոն Հովհաննիսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե նպատակ լիներ Խոջալուի խաղաղ բնակչությանը սպանելու, ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը 10 կմ կտրեին՝ այդտեղ հասնելու համար, առավել եւս, որ դա վերահսկվում էր ադրբեջանական ուժերի կողմից»,- այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Նա նաեւ նշում է, որ այդ անձինք սպանվել են Խոջալուից շուրջ տասը կիլոմետր հեռավորության վրա, Աղդամի ադրբեջանական դիրքերից՝ 700 կմ հեռավորության վրա, սա փաստել էր նաև ադրբեջանական INS հեռուստաընկերության լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը թե՛ տեսանյութով, թե՛ իր հայտարարությամբ։
«Ըստ Չինգիզ Մուսթաֆաևի՝ երբ ինքը փետրվարի 29-ին մի կերպ կարողացավ գնալ այդ հատված, ադրբեջանական զինվորները ազատ շրջում էին այնտեղ եւ տեղաշարժում դիակները, երբ տեսել են լրագրողին՝ ում չէին սպասում, ոտքով հեռացել են Աղդամ։ Սա կարևոր վկայություն է»,- ասում է Տարոն Հովհաննիսյանը։
Լրագրողն այդ դեպքերից երեք ու կես ամիս հետո, ըստ ադրբեջանական տեղեկատվության, պատահաբար մարտական գործողությունների ժամանակ նույն վայրում արկից զոհվել էր։
Հովհաննիսյանի խոսքով՝ այն մանիպուլյացիան, որ ադրբեջանական կողմը անում է, տեսանյութերում ֆիքսված է․ 1992թ․ փետրվարի 29-ին լրագրողների տեսանկարածում դիակներ խեղված չեն եղել, իսկ մարտի 2-ին արդեն, Ադրբեջանի ղեկավարությունը երբ բերել է միջազգային լրագրողների, այդ միջակայքում դիակները արդեն եղել են խեղված։
«Օրինակ՝ փետրվարի 29-ի տեսանյութում երեւում է, որ դաշտում կա մի կին, իսկ արդեն մարտի 2-ի տեսանյութում երեւում են բռնության հետքեր՝ ոտքերը կապված են եղել, գլխամաշկն էլ՝ առանձնացած»։
Նա ընդգծում է, որ սա դեռ իրենց վկայություններն են, որոնք փաստվել են։ Եւ բացի այն, որ նրանք սպանվել էին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող դիրքերում՝ արդեն Խոջալուից անցնելով Ասկերան, համարյա հասնելով Աղդամին․
«Սա ցույց էր տալիս, որ միտումնավոր կերպով է արված, որպեսզի մեղավորությունը գցեին Արցախի հայկական ուժերի վրա, այլ նաեւ ընդգծեին, թե որքան անմարդկային են նրանք»։
Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ Խոջալուի դեպքերը կապված էին նաեւ Ադրբեջանում առկա ներքաղաքական խնդիրների հետ։
Մարտի 5-ին Արդբեջանի նախագահ Այազ Մութալիբովը Խոջալուի միջադեպից հետո հրաժարական տվեց, եւ նրա դեմ օգտագործվեց հենց այս հանգամանքը։
«Պետք է նշեմ նաեւ, որ Խոջալուի դիրքերը այդ ժամանակահատվածում վերահսկում էին Թալիբովին ընդդիմադիր ճակատի ստորաբաժանումները։ Եւ հարցազրույցներից մեկում Թալիբովը նշել էր, որ ընդդիմությունը դա արել էր իր դեմ օգտագործելու համար։ Բայց նա հիմա հերքում է այդ փաստը»,- հավելում է Տարոն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 1992թվականի փետրվարի 25-26-ը Խոջալուի և Աղդամի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների օրն է։