Բացել լրահոսը Փակել լրահոսը
87965471_1829364783861724_7040727651970973696_o
A A
Քաղաքականություն

«Սա մեզ լռեցնելու միջոց է»․ իրավապաշտպանը՝ փոխնախարարի հայտարարության մասին (տեսանյութ)

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Բանակում ոչ կանոնադրային հարաբերություններ են իրավապաշտպանների՞ պատճառով. ինչո՞ւ է ՊՆ-ն թիրախավորում իրավապաշտպաններին» թեմայով քննարկաման ընթացքում, անդրադառնալով ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի այն հայտարարությանը, թե իրավապաշտպանները քայքայիչ գործունեություն են ծավալում, նշում է, որ տարիներ շարունակ իրավապաշտպանները թիրախավորվել են` բանակի խնդիրները բարձրաձայնելիս․

«Կառույցը մշտապես ունեցել է որոշակի վախ իրավապաշտպաններից, ինչը դրսևորվել է տարբեր այսպիսի արտահայտություններով, հեղափոխությունից հետո իրավիճակը առանձնապես չի փոխվել, հասարակությունը ևս պահանջատեր է, և փոխնախարարի պատասխանը առաջին հերթին ինքնապաշտպանական ռեակցիա է՝ չճանաչել խնդիրը, չփորձել գտնել լուծման ուղիներ և չվերլուծել՝ ինչից է գալիս մահացության ցուցանիշները»։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ ցանկացած դեպքով հասարակությանը պիտի տրվի պարզաբանում, թե ինչո՞ւ է դա կատարվել, և ի՞նչ աշխատանքներ են տարվում հետագայում կանխարգելելու նման դեպքերը․

«Ցանկացած դեպքով արդար, բազմակողմանի և թափանցիկ քննություն տանելու այդ վճռականությունը դեռևս չկա, և դա իրավապաշտպանների ամենացավոտ և խնդրահարույց և կարևոր կետն է»,- ասում է իրավաշտպանը։ 

Հովհաննիսյանն ասում է՝ հեղափոխությունից երկու տարի անց բանակի խնդիրների վերաբերյալ խորքային վերլուծություններ կատարելու փոխարեն թիրախավորվում են իրավապաշտպանները։

«Երբ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ պահանջելով խնդիրների լուծում, մենք պետք է հավաքագրեինք այդ խնդիրները և լուծման ուղիներ գտնվեին։ Ոլորտային մասնագիտական խմբեր պիտի ձևավորվեին և աշխատեին դրա շուրջ»։ 

Ինչ վերաբերում է համակարգի փակ լինելուն, Զառա Հովհաննիսյանն ասում է՝ հաճախ հասարակությունը ցավալի դեպքի մասին տեղեկատվությունը ստանում է լրատվամիջոցներից, հետո միայն պաշտոնական տեղեկատվություն է ստանում։

«Սա հասարակության տեղեկացված լինելու իրավունքի խախտում է»։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ  Էդգար Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս հայտարարության միջոցով փորձ է արվում անվստահության մթնոլորտ ձևավորել հասարակության մեջ իրավապաշտպանների նկատմամբ․

«Սա մեզ լռեցնելու և ցավոտ հարցերը բարձրաձայնումը կանխելու միջոց է»,-նշում է նա  և հավելում, որ սա առաջին հերթին հակասում է հեղափոխության արժեքներին, և հակահեղափոխականները, ըստ նրա, նստած են կառավարության շարքերում։

«Շատ դեպքերում մեզ են ներկայացնում հակահեղափոխական, իբրև թե բարձրաձայնում ենք հարցեր, որոնք գոյություն չունեն, գույները խտացնում ենք»։

Բանախոսը կարծում է՝ պատասխանատվությունը պետք է դրվի կոնկրետ անձանց վրա, ովքեր պատասխանատու են, որ քրեական ենթամշակույթը ներթափանցում է բանակ։

«Այն նույն ավանդույթները, ինչ հին իշխանությունները օգտագործում էին, շարունակվում են հատկապես անվտագության ոլորտում,  ուժային կառույցներում, նույն մոտեցումները շարունակվում են։ Համակարգը փակ է, որպեսզի վերահսկողություն չլինի քաղաքացիական հասարակության կողմից, և նման մանիպուլատիվ գործիքներով շատ հեշտ հասարակության համար լեգիտիմացնում են համակարգի փակ լինելը»,- ասում է նա։