«Հեղափոխությունից հետո նույն ոստիկանական բաժիններում խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք կա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲարեփոխումները կյանքի կոչելը հավատ չի ներշնում, քանի դեռ այն դատավորներին, ովքեր տարիներ շարունակ ապօրինի որոշումներ են կայացրել, իրավական և քաղաքական գնահատական չի տրվել։
«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարությանը, նման տեսակետ հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը, միեւնույն ժամանակ շեշտելով՝ չպետք է մոռանալ, որ այն կադրերը, ովքեր նախկինում քաղաքական պատվեր են կատարել, այսօր շարունակում են աշխատել դատական համակարգում են և այն լքելու մտադրություն չունեն։
Ինչ վերաբերում է դատավորների տարիքային շեմը 25 տարեկան սահմանելուն, Ղարագյոզյանն ասում է․
«Դատավորների տարիքային շեմի մասով առարկություններ չունեմ, բայց այն մարդիկ, ովքեր պետք է գան և դատավորներ աշխատեն, պետք է պատրաստված լինեն»։
Փաստաբանը պնդում է՝ դատավորները պետք է պատրաստված լինեն ոչ միայն գիտելիքների, այլեւ հոգեբանական, մարկանց հետ շփվելու առումով։
«Շատ դատավորներ տարրական էթիկա չունեն կողմների և դատավարության մասնակիցների հետ շփվելու»։
Ինչ վերաբերում է հանրաքվեին, փաստաբանն ասում է՝ ավելի շատ կողմ է Սահմանադրության ամբողջական փոփոխությանը, քան հարաքվեին, բայց սա էլ, ըստ նրա, տարբերակներից մեկն է։
Ղարագյոզյանը փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է ոչ միայն դատական, այլ նաև իրավապահ այլ համակարգերում․
«Այս գլխավոր դատախազության կազմով ես չեմ համարում, որ մենք կունենք անկախ անաչառ իրավապահ և դատական համակարգը, որին ձգտել ենք»։
Ինչ վերաբերում է Ոստիկանությունում նախատեսվող բարեփոխումներին, փաստաբանը նշում է․
«Հեղափոխությունից հետո նույն ոստիկանական բաժիններում խոշտանգումներ կան, անմարդկային վերաբերմունք կա, ոստիկանությունում նախկին կադրերն են, չեն կարող նախկին բռություն գործադրող ոստիկանները այսօր գալ և փոփոխված անվանումով համակարգում շարունակել աշխատել»։