Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպե՞ս է կարգավորվելու ԱՊՀ շրջանակում ահաբեկչության դեմ պայքարում տեղեկության փոխանակման հարցը (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Համաձայնագիրը վավերացնելու հարցը ներկայացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին Տաշքենդում՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հանրապետությունների կառավարությունների կողմից:

 «ՀՀ վարչապետը համաձայնագիրը ստորագրել է վերապահումով՝ համաձայն որի՝ այն ուժի մեջ է մտնում ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո: Համաձայնագիրը այն ստորագրած մյուս պետությունների համար արդեն իսկ ուժի մեջ է մտել: Համաձայնագրի նպատակն է ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումը: Համաձայնագրով անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կամրապնդվի ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցությունը և կբարձրանա դրա արդյունավետությունը»,-նշեց նա:

Նա տեղեկացրեց, որ տեղեկության փոխանակումը կկատարվի դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ միջոցով, ինչպես նաև տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի օգտագործմամբ:

«Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միջպետական տեղեկատվական համակարգ է հանդիսանում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված շտեմարանը, որի իրավական ռեժիմը որոշվում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և  հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից»:

ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությամբ՝ համաձայնագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն վերաբերում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև քաղաքացու ազատություններին:

ՍԴ-ում քննարկվել է համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որի արդյունքում ՍԴ-ն կայացրել է,որոշում, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը: