«Ոչ»-ի դեմքը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաջարանում ընթացող «Այո» քարոզարշավի կողմի հանրաքվեին մասնակցում է նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Ըստ նրա ՝ ապրիլի 5-ի հանրաքվեն հեղափոխության շարունակությունն է, և հիմա ժողովուրդը պետք է մերժի դատական իշխանությանը։
«Մերժումը չէր վերաբերում միայն Սերժ Սարգսյանին, «Մերժիր Սերժին»-ը վերաբերում էր ամբողջ համակարգին, իսկ համակարգ ասվածը գործադիրն էր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, օրենսդիրն էր և դատական իշխանությունն է՝ հանձին Սահմանադրական դատարանի։ Ժողովուրդը մերժեց գործադիրին ու օրենսդիրին, հիմա ժողովուրդը մերժում է դատական իշխանությանը, և հայտնվել են մարդիկ, որ ասում են՝ չէ, չեն մերժում։ Գործող իշխանությունն էլ ասում է՝ որպեսզի ճշտենք՝ ժողովուրդը մերժո՞ւմ է, թե՞ ոչ, հարցը դնում ենք հանրաքվեի, շատ պարզ է»,- հայտարարեց Արամ Սարգսյանը, ապա հարց ուղղեց, թե կա՞ մի երկիր, երբ ժողովրդի կամքը հարցնելը իրավական չէ։
«Ժողովուրդ ջան, ժողովրդի կամքը հարցնելուց ավելի իրավական բան չկա, դուք եք այսօրվա իշխանության տերը։ Դուք տեսել եք, որ այս ընթացքում միայն արդար ընտրություններ են եղել, անգամ մի գյուղապետի ընտրություն չի կեղծվել»,- ընդգծեց Արամ Սարգսյանը՝ կոչ անելով, որ մարդիկ ցույց տան, որ իրենք են իշխանության տերը ու ուզում են ձևավորել դատական իշխանության բուրգը։
Արամ Սարգյանը հայտարարեց նաև, որ թե հանրաքվեի հակառակ կողմին չի տեսնում, բայց երկար մտածելուց հետո հասկացել է՝ ովքեր են։
«Հիմա նայում եմ այդ «Ոչ»-ի կողմը, ու չեմ տեսնում, ով է այդ «Ոչ»-ի կողմը։ Ինչ-որ աներևույթ մարդ, ֆանտաստիկ ֆիլմերի աներևույթ մարդ է դարձել այդ «Ոչ»-ի կողմը։ Ինչ-որ խմբեր են ձևավորվել են, հանձնաժողովներում արագ-արագ մարդիկ են տեղավորում, բայց կոնկրետ, թե ով է «Ոչ»-ի թիկունքում կանգնածը, չի երևում։ Ու ես ինչքան մտածում եմ, ինձ համար պարզ է դառնում, որ «Ոչ»-ի դեմքը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, եթե սխալվում եմ, թող նրանք ասեն՝ Արամ ջան, սխալվում ես, մենք «Ոչ» չենք, մենք «Այո» ենք»,- նկատեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը։
Արամ Սարգսյանն ասաց, որ Սահմանադրությունը նախկին առաջին դեմքերին քաղաքական հարցեր լուծելու առումով անձեռնմխելիություն է տալիս, և իրենք ուզում են օգտվել այս Սահմանադրական դատարանից, որը հնի հենարանն է ու ապահովելու է իրենց ցանկալին։