Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերժի «Հրայրին» հանեցին, ո՞վ է գալու, ո՞վ է լինելու Նիկոլի «Հրայրը»․ Անդրանիկ Գրիգորյանը՝ հանրաքվեի մասին (տեսանյութ)

«Այս հատվածականությունը բերելու է հերթական ճգնաժամի հաջորդ փուլում։ Նաև քարոզարշավի ընթացքում մենք չստացանք մի շարք հարցերի պատասխաններ առ այն՝ ինչով էին խանգարում Սահմանադրական դատարանի ապօրինի ընտրված դատավորներն իշխանությունների որդեգրած բարեփոխումների կյանքի կոչմանը»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին և դրա վերաբերյալ քարոզարշավին։

Հանրաքվեով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 դատավորի լիազորությունները։ Հանրաքվեի քարոզչական շրջանում ձևավորվել է երկու շտաբ՝ «Այո» (իշխող ուժ և համակիրներ) և «Ոչ» (մասնագիտությամբ իրավաբաններ, այդ թվում՝ նախկին իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցրածներ)։

Ըստ քաղաքական գործչի՝ դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ իշխողն ուժն ամեն առիթն օգտագործում է սեփական քաղաքական դիրքերի ամրապնդման համար, «գրեթե տեղի է ունենում հեղափոխության սեփականաշնորհում»։

«Ա1+»-ի հարցին, եթե «Այո»-ն հաղթի կամ տապալվի, ի՞նչ քաղաքական իրավիճակ կստեղծվի, պատասխանեց, որ թե՛ «Այո»-ի հաղթանակի, «Ոչ»-ի պարտության և թե՛ հակառակ տրամաբանության մեջ հայաստանյան բոլոր խնդիրները դրանով լուծում չեն ստանա, դատաիրավական համակարգում ճգնաժամը չի լուծվի։ 

««Այո»-ի դեպքում վստահաբար իշխող քաղաքական թիմի սանձարձակությունը կմեծանա, «Ոչ»-ի դեպքում նախկինների ռևանշի հնարավորությունը կմեծանա։ Երկուսն էլ վտանգավոր ճանապարհ են»,- նշեց Անդրանիկ Գրիգորյանը։ 

Վերջինիս խոսքերով՝ Սահմանադրական դատարանը բազմաթիվ ապօրինություններ է գործել, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն ապօրինի է ընտրվել ՍԴ դատավոր։ 

«Ես այս մեթոդաբանությամբ Հրայրին հանելը նպատակահարմար, մեր խնդիրների լուծում չեմ տեսնում։ Ի վերջո, լավ, Սերժի «Հրայրին» հանեցին, ո՞վ է գալու, ո՞վ է լինելու Նիկոլի «Հրայրը» , ո՞վ է լինելու։ Հստակ ունե՞ք քաղաքական երաշխիքներ, որ Սահմանադրական դատավորների ընտրության մեխանիզմները լինելու են իրավական, ժողովրդավարական կամ քաղաքականապես արդարացված»,- հարցադրում արեց ԺԿ ղեկավարը։ 

Խոսելով Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններից՝ Գրիգորյանը նշեց, որ Արցախը վտանգավոր տարածաշրջան է հեղափոխական զարգացումների համար։ 

«Կարծում ե Լեռնային Արցախի բնակչությունն անցած տարիներին իր դրսևորած կամքի արդյունքում վաստակել է ինքնուրույն սեփական ճակատագիրը որոշելու հնարավորություն։ Եվ եթե մենք դա կարողացանք պարտադրել մեր չակերտավոր հարևանին և ցույց տալ, ի վերջո, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրը, պետք է Հայաստանյան բոլոր իշխանություններն էլ հաշվի նստեն այս իմպերատիվ իրողության հետ»,- ընդգծեց «Ժառանգության» նախագահը։

Մանրամասնեը՝ տեսանյութում։