Ռադիկ Մարտիրոսյանը մտահոգ է՝ ԳԱԱ-ն կարող է հասարակական կազմակերպություն դառնալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վերապահումներ ունի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը մեծամասամբ վերաբերում է կրթությանը, բայց ԳԱԱ-ի վերաբերյալ նույնպես առաջարկություններ կան՝ կառուցի կարգավիճակի և կառուցվածքի։ Լրագրողների հետ հանդիպմանը Ռադիկ Մարտիրոսյանը իր հետ բերել էր օրենքի նախագիծը, որն ըստ նրա՝ բաղկացած է 40 էջից, և միայն 11 տողն է վերաբերում ԳԱԱ-ին։
Նրա խոսքով՝ նոր նախագծով ԳԱԱ-ն կարգավիճակ չի ունենա։
«ԳԱԱ-ն բարձրագույն գիտական կոչումներ ունեցող, և Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականների ինքնակառավարվող միավորում է, որի հիմնական գործառույթը գիտության զարգացման և գիտահետազոտական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև Հանրապետության տնտեսական, սոցիալական, և մշակության զարգացման ուղղությամբ համապատասխան ոլորտի պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին խորհրդատվության տրամադրումն է»,- նախագծից ընթերցեց Ռադիկ Մարտիրոսյանը և հավելեց, որ ըստ այդմ՝ ԳԱԱ-ն կդառնա հասարակական կազմակերպություն, որը խորհուրդ կարող է տալ այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են գիտության քաղաքականությամբ։
Մինչդեռ գործող օրենքով՝ ԳԱԱ-ն հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող, բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում և իրականացնում է գիտելիքի վրա հիմնված տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման համար անհրաժեշտ և հիմնարար հետազոտություններ։
ԳԱԱ նախագահն անդրադարձավ նաև Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորմանը և ԳԱԱ-ում անհրաժեշտ փոփոխություններին։ Գիտությունը մարդու գործունեության այնպիսի բնագավառ է, որը պահանջում է պետական հոգածություն։ Իսկ պետական հոգածությունը լինում է տարբեր բնույթի։ Այն երկրներում, որտեղ ուզում են, որ գիտությունը զարգացման հեռանկար ունենա, ապա հոգածությունը շատ ուժեղ է լինում։
Իսկ այն երկիրը, որը ռեսուրսներ քիչ ունի, աշխատում է ամեն բնագավառում խնայողություններ անել, և հնարավորություն չի ունենում ամենամինիմալ պահանջները ապահովել։ Այս դեպքում առաջ են գալիս տարբեր բնույթի հիմնավորումներ, թե այն գումարը, որը տրամադրվում է, արդյունավետ չի օգտագործվում»,- ընդգծեց նա։
Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի՝ ինչպես էլ գումարը բաշխվի, մեկ է՝ եթե այն քիչ է, ուրեմն սխալ է լինելու։
«Քանի որ մեր երկիրը տնտեսապես հզոր չէ, տվյալ դեպքում գիտությանը տրամադրվող գումարը միշտ եղել է համեստ»,- ասաց նա և շեշտեց, որ ԳԱԱ-ն բարեփոխումների կարիք ունի։
Օրինակ՝ 2018-2019թթ․ ԳԱԱ-ում գիտական աշխատանքի արդյունավետության գնահատման գործընթաց են անցկացրել, ուսումնասիրել վերջին 5 տարիների ընթացքում ԳԱԱ կառույցների գիտական գործունեության արդյունավետությունը և այլն։
Այժմ ԳԱԱ-ի կողմից 20 ծրագիր է մշակվել, որ կառույցը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում իրականացնել։
«Ենթադրում ենք, որ ամբողջ կառավարման համակարգը փոխվի, հարմարեցնելով այսօրվա և՛ կազմակերպչական, և՛ նյութական պահանջներին, որոնք նպաստելու են գիտության զարգացմանը։ Առաջնահերթ այդ վերաբերում է ԳԱԱ-ի նախագահությանը։ Այսօր մեր նախագահությունը բաղկացած է 15 հոգուց, մենք կարծում ենք, որ պարտադիր չէ, որ նրանք լինեն ակադեմիկոսներ, մինչդեռ հիմա այդ 15 հոգին ակադեմիկոս են, որոնք ներկայացնում են գիտության տարբեր բնագավառները»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։