Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Համաճարակով պայմանավորված՝ հնարավոր է անձնական տվյալների և այլ գաղտնի տեղեկությունների տիրապետել (տեսանյութ)

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Խորհրդարանում պատգամավորների մեծամասնությունն առանց դիմակների ու ձեռնոցների է։

Նիստին ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, ձեռնոցներով է։

Խորհրդարանը օրակարգը հաստատելուց հետո, սկսկեց քննարկել Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ, պայմանավորված համաճարակով, կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Հարցի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ այլ արտակարգ դրությունների ժամանակ նման միջամտություններ չեն ենթադրվում։ Տեղեկությունները փոխանցվելու են Կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին, կամ Կառավարության որոշմամբ սահմանված ՀՀ կողմից հիմնադրած անձանց։ Նախարարը ներկայացրեց, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու։

«Մասնավորապես՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, այլ խոսքով՝ հաճախորդի տեղորոշումը։ Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ, անձանց վարակման, վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցնելու տվյալներ մասին»,- պարզաբանեց նախարարը։

Համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:

Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։