Եթե ԱԺ-ն ձեռնպահ լինի, ինչքանո՞վ կսահմանափակի Կառավարության հնարավորությունները․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ, պայմանավորված համաճարակով միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետքրքրվեց է, թե ի՞նչ է տալու պետությանն այն տվյալը, թե Մասիվից և ՀԱԹ-ից իրար հետ խոսող մարդիկ ե՞րբ և քանի՞ անգամ են հեռախոսով խոսել։
Ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանն օրինակ բերեց։ «Պատկերացնենք՝ ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվում։ Նախորդ 14 օրվա ընթացքում իմ լոկացիան բավարար չէ, որովհետև որոշակի լայն շրջանակ է ընդգրկում, հետևաբար 14 օրվա ընթացքում իմ կատարած զանգերի, իմ կոնտակտների վերհանումը և նրանցից, օրինակ՝ հեռախոսազանգի միջոցով ճշտումը, թե արդյոք իրենք հանդիպել են ինձ այս ամսաթվից այս ամսաթիվը, որովհետև անձը կարող է մոռանալ դրա մասին, և տեղորոշման և զանգերի կատարման տեղեկատվությունը մի կենտրոնում գեներացնելը, կնպաստի, որպեսզի այդ տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան համապատասխան միջոցնոր ձեռնարկել ու իրականացնել»։
ԱԺ նախագահն ի պատասխան ասաց, որ այս տարբերակը գուցե և ավելորդ է։
«Սա իմ մասնավոր տպավորությունն է մինչև այժմ ընթացած քննարկումից»,-ընդգծեց ԱԺ խոսնակը, ապա հարց ուղղեց՝ եթե ԱԺ-ն առաջարկի վերաբերյալ ձեռնպահ դիրքորոշում ունենա առայժմ, ինչքանո՞վ կսահմանափակի Կառավարության հնարավորությունները։
Ռուստամ Բադասյանը նշեց, թե այս նախագիծը մշակվել է ՏՏ մասնագետների կարծիքների հիման վրա, և այնպես չէ, որ Կառավարության համար ինքնանպատակ է քաղաքացիների անձնական տվյալների ֆիքսումը։
«Այս երկու կետի համադրումը էական նշանակություն ունի իրար հետ, որովհետև, եթե ես ընդամենը տեղորոշումը ֆիքսեմ, պատկերացնենք՝ ես եմ վարակակիրը, ես՝ վարակը պոտենցիալ կոնտակտավոր 10 հոգի կա, որոնց փոխանցել եմ, բայց եթե ես չունեմ զանգերի մասին տեղեկատվություն, ինչպե՞ս եմ որոշելու կոնտակտավոր անձանց, որպեսզի նրանց տեղորոշումը ստուգեմ։ Չէ՞ որ դա մեծ բազա է, եթե այդ բազայում այդ կապերը չեմ տեսնում վարակակրի և կոնտակտավորների, չեմ կարող նաև իրենց լոկացիան տեսնել, որովհետև չգիտեմ՝ ինքն ում հետ է շփվել»,- հավելեց նախարարն ու ընդգծեց, որ սա կարևոր հանգամանք է, որը պետք է հաշվի առնել։
Եթե ձեռնպահ մնան այս տարբերակից, համակարգն արդյունավետ չի լինի։