Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30-ամյա պացիենտ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող է. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու և ընդունվելու են հակաճգնաժամային եւս 3 փաթեթներ:

Արտահերթ նիստի մեկնարկին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված առկա իրավիճակը:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կա 482 հաստատված դեպք, որից 58-ը՝ վերջին մեկ  օրվա ընթացքում: 

58-ից 25-ը եղել են ի սկզբանե կարանտինում, այսինքն՝ շփման շրջանակ չեն ունեցել,-նշեց նախարարը: Նրա փոխանցմամբ՝  31-ը, որոնց մեջ կան նաև բուժաշխատողներ, ևս ի սկզբանե եղել են կասկածելի գոտում, միայն երկուսն են, որ արտերկրից բերովի դեպքեր են, և նրանց շփման շրջանակը պարզվում է:

Նախարարը հայտնեց, որ այս  պահին ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր դեպք, սակայն ծայրահեղ ծանրի մոտ դրական փոփոխություն է նկատվում, եւս երկու ծանր հիվանդների վիճակը բարելավվում է:

Վարչապետը հետաքրքվեց, թե 14 ծանր հիվանդների պարագայում կարո՞ղ ենք, որոշակի կանխատեսումներ անել, Թորոսյանն ասաց, որ մեր երկրում ամեն կոնկրետ դեպքն անհատական է, ունենք նաև երիտասարդ հիվանդ, ով ծանր է այս պահին, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել և կապաքինվի.

«Ամեն կոնկրետ պացիենտի քրոնիկական հիվանդություններն են հիմնականում որոշում ելքը, որովհետև առանց քրոնիկական հիվանդությունների՝ պացիենտները նույնիսկ չեն հասնում ռեանիմացիոն ծառայության»:

Նախարարը տեղեկացրեց, որ երիտասարդ քաղաքացին ուշ է դիմել բժշկական օգնության, այդ պատճառով է նրա վիճակը այս պահին գնահատվոմ ծանր:

Վարչապետն իր հերթին ցավակցություն հայտնեց մահացածների ընտանիքներին և հարազատներին:

Նշեց, որ վերջին օրերին մահացած երկու պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր քրոնիկական հիվանդություններ:

«Նրանցից մեկը ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում, երկրորդը ունեցել է էլի սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ: Հատկապես այս կարգի  քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որվհետև շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ, պահպանել մեկուսացման ռեժիմը»:

Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է հիվանդության հետ կապված դրական դինամիկան։ Նախարարն ասաց, որ 250 քաղաքացի արդեն դուրս է  եկել մեկուսացումից:

Հայտնեց, որ մոտ օրերին էլի ունենալու են բուժված քաղաքացիներ՝ բացի արդեն հայտնի 30 դեպքից:

Առանց սիմպտոմների պացիենտները պահվում են ոչ թե հիվադանոցում այլ, հյուրանոցներում, -հայտնեց վարչապետը՝ ընդգծելով, որ նրանք ոչ մի բժշկական միջամտության կարիք չունեն:

Վարչապետը հետաքրքրվեց նաև մահացության դեպքերի երիտասարդացման լուրերի մասին, Թորոսյանն ասաց, ոոր ուսումնասիրել են, վիճակագրությունը տարբեր է, հիմնականում կապված է երկրի բնակչության կենսակերպից.

«Օրինակ՝ եթե մենք օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է: Նույն մեր հարևաններից մեկի մասին կար նման տվյալներ, իհարկե չճշտված, երբ ասում էին, որ արհեստական օդափոխման սարաքերի վրա կան բավականին մեծ թվով 40-ից ցածր անձինք, պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը»,-նշեց Թորոսյանը: 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության՝ վերստուգումից հետո:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ հեռավար կրթությանը, վստահեցրեց՝ հեռավար կրթության վերբերյալ հիմնականում դրական արձագանքներ են ստանում, ինչը ուսուցիչների մեծ մասնակցության արդյունք է:

«Իհարկե ունենք մի խնդիր, որը կապված է սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ, մենք փորձում ենք հընթացս այս հարցին լուծում տալ: Մի նախաձեռնություն ենք իրականացնում, որով հավաքում ենք համակարգիչներ, հիմնականում խոսել ենք միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Մոտ 24 հազար աշակերտների պարագայում ունենք խնդիր՝ սարքերի հետ կապված»:

Նախարարը շեշտեց նաև, որ բուհերը ևս շատ արդյունավետ օգտագործում են հեռավար կրթությունը:

Վարչապետն էլ ասաց, որ այս փորձը կօգնի մեզ հետագայում նաև հեռավոր գյուղերում հեռավար կրթությունը զարգացնելու նպատակին հասնելու գործում: