Ո՞ր ռեստորանները կդիմանան «կորոնավիրուսային» ճգնաժամին
Աջակցիր «Ա1+»-ինՊարետի որոշմամբ՝ մարտի 24-ից Հայաստանում ռեստորանների և սրճարանների գործունեությունը դադարեցվեց։ Հարսանիք, ծնունդ, կնունք ու այլ միջոցառումների ամրագրումները չեղարկվել էին դեռ դրանից առաջ՝ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հարսանիքների կազմակերպմամբ զբաղվող գործակալություններում անգամ ամռան ամրագրումներն են չեղարկվել, ոմանք աշուն են տեղափոխել, ոմանք էլ անորոշ ժամանակով հետաձգել։
«Ռեստորաններ կան, որոնց վրա դա շատ վատ է ազդում, որոնք այսպես ասած մասնագիտացած են մեծ առիթների վրա, ռեստորաններ էլ կան, որ դա իրենց հիմնական աղբյուրը չէր, բայց հաճելի բոնուս էր»,-նշեց Աշոտ Բարսեղյանը։
Ինչպե՞ս են վճարելու հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին, ռեստորատորները մեծ խնդրի առաջ են կանգնել։
Աշոտ Բարսեղյանը տեղյակ չէ, թե ինչպես կվարվեն գործատուները, աշխատակիցներին փոխհատուցում կտա՞ն, թե ո՞չ, բայց ընդգծում է, որ անգամ տալու դեպքում դա երկար տևել չի կարող, որովհետև բիզնեսը ֆինանսավորվում է օպերացիոն կանխիկից, որի հոսքը դադարել է։
«Կարելի է ասել՝ դե ի՞նչ է եղել, երկու ամիս թող դիմանան, բայց իրականությունը հեռու է այդ թեթև պատկերացումներից։ Բիզնեսն այդ երկու ամսում կարող է սնանկանալ և զրոյական շրջանառության պարագայում չկարողանալ կատարել իր պարտավորությունները»,-նշեց նա։
Աշոտ Բարսեղյանը նկատում է՝ մարտի շրջանառությունը վատ կլինի, ավելորդ է համարում խոսել ապրիլի մասին, իսկ մայիսի վերաբերյալ կանխատեսումներ անել չի կարող, հարցական է դեռ։
«Լավագույն գնահատականով, եթե մայիսի վերջին, հունիսի սկզբին տնտեսությունը
«հետ գա», գումարները միանգամից հո՞ չեն գոյանալու, նախ պետք է շրջանառություն, որից հետո պարտավորությունները կատարել»,-ընդգծեց նա։
Փաստացի գարնան ամիսները ոչ միայն եկամտաբեր չեն լինի ռեստորատորների համար, այլև մեծ ծախսեր կառաջացնեն, իսկ հետևանքներն էլ տնտեսվարողների համար մեղմ ասած՝ լավ չեն լինի։
«Շատերը չեն դիմանա, որովհետև բիզնեսի 90%-ը աշխատում է վարձած տարածքներում։ Վարձավճարներ, աշխատավարձեր, կոմունալներ կգոյանան»,- նկատեց նա։
Պարոն Բարսեղյանն առաջարկում է բիզնեսին հարկային արձակուրդ տալ, ու բազմաթիվ այլ վճարներ զիջել։
«Պետք է բիզնեսի կողքին կանգնել ու բիզնեսը փրկել»,-շեշտեց նա ու հավելեց, որ ինչքան ռեստորանների պարտավորություններն այս պարագայում պակասեն, այնքան ռեստորանները կապրեն։
Տեսակետը, եթե բիզնեսը մեկ ամսում սնանկանում է, ուրեմն վատ բիզնես է, Աշոտ Բարսեղյանը չի կիսում։ Այդ բացատրում է տուրիզմի օրինակով։
«Եթե տուրիզմի ոլորտը մեկ ամսում փակվել է, ապա պետք է հասկանալ, թե դրա հետևում ի՞նչ է։ Նրանց մոտ կան չեղարկումներ մինչև հոկտեմբեր ամիս, այսինքն՝ պահել բիզնես, որը պիտի ինչ-որ տեղից ֆինանսավորվի ու գոյատևի, անիմաստ է։ Ավելի ճիշտ է բիզնեսը սնանկացնել, և բացվել մյուս տարի սեզոնի սկզբին։ Այստեղ այդ կատեգորիան չէ, որ եթե նա փակվեց, ուրեմն վատ բիզնես է»,- նշեց Աշոտ Բարսեղյանը։
Կառավարության կողմից բիզնեսին աջակցելու՝ վարկեր տրամադրելու ծրագիրը Աշոտ Բարսեղյանը չմտածված քայլ է համարում։
«Ուզում են չաշխատող բիզնեսին բարդել նոր պարտավորություններով՝ ի շահ բանկերի։ Սրանից կօգտվեն նրանք, ովքեր ուժեղ են և նրանք, որոնք ունեն արտարժույթով վարկ։ Նրանք հաճույքով արտարժույթով վարկը կփոխարինեն տրամադրվելիք դրամային վարկով։ Ես չեմ կարծում, որ ուրիշ ինչ-որ բան կարող է ստիպել մարդուն այդ վարկը վերցնել, որովհետև դա հավելյալ պարտավորություն է ՝ բարդելու ոչ այդքան պայծառ ապագայի վրա»,- ընդգծեց նա։
Նա հայտնեց, որ ռեստորաններ կան, որոնք ուզում են օգտվել այդ վարկերից։ Ըստ նրա՝ կլինեն ռեստորաններ, որոնք կվերցնեն ու դրա «տակից դուրս կգան», բայց շատերի համար էլ դա ծանր բեռ կլինի։