Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Զինվորի համազգեստը պղծողին եթե ասեմ՝ պետք է ականջը ոլորել, պատասխանատվությա՞ն կենթարկվեմ» (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձին կամ անձանց խմբին, որոնք բռնություն գործադրելու հրապարակային կոչեր են արել, բռնությունը հրապարակայնորեն արդարացրել են կամ քարոզել։

«Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց, թե ինչ է նշանակում բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկությամբ է հանդես եկել, սակայն Կառավարությունը մերժել է այն։ ԲՀԿ-ն առաջարկում էր նախագծից հանել «բռնությունը արդարացնելը» եզրույթը։

«Արդարացումը ունի հանրային նույն վտանգավորությունը, ինչ բռնության կոչը»,- պարզաբանելով մերժումը՝ ասաց Սրբուհի Գալյանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չկիսեց փոխնախարարի կարծիքը։

Թեև ողջունում է նախագիծը, բայց իրավական որոշակիության տեսանկյունից բացեր է նկատում։

«Եթե մեկը Ֆեյսբուքում գրել է, որ ինչ-որ մեկին պետք է ապտակել կամ պատժել, ես էլ լայքում եմ, սա բավարա՞ր է, որ ինձ տանեն քրեական պատասխանատվության ենթարկեն»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ թեև պետք է հիմք ընդունել մարդու իրավունքների վերաբերյալ իրավական ակտերի դրույթները, այնուամենայնիվ Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ պետք չէ մոռանանք մեր հայ լինելը, և ազգային արժեքները։

«Հավանաբար տեսած կլինեք մի քանի օր առաջ Ֆեյսբուքում տեղադրված էն զինվորի համազգեստը պղծող երկոտանու թռվռալը։ Եթե զինվորի համազգեստը պղծելը, հիմա եթե ես ասեմ՝ դրա ականջը պետք է ոլորել կամ պատժել, սրա համար ինձ պետք է տանեն, պատասխանատվությա՞ն ենթարկեն»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։