Ի՞նչ ապացույցների բազայով են ուսումնասիրություններ կատարելու․ փաստաբանը՝ գույքի բռնագանձման օրինագծի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը նախօրեին ընդունեց ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։
Օրինագծով կառավարությունն առաջարկում է բռնագանձել 50 միլիոն դրամ արժեքը գերազանցող գույքը, որի ձեռքբեումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:
Փաստաբան Թաթուլ Խուդատյանի համար օրենքում առկա բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտի վերաբերյալ ռիսկային հարցեր կան։
«Երբ որ անորոշ ձևակերպմամբ օրենք է ընդունվում, դատախազության համակարգը և դատական համակարգը պետք է գործեն բարեխղճորեն, համաչափ և առավելագույնս սեփականատիրոջ օգտին։ Բոլոր նախկին գործընթացներում, ինչ մենք նկատում ենք պետության հետ կապված գործընթացներում, միևնույն է՝ պետական պաշտոնյան չի ցանկանում բարեխղճության բեռը վերցնել իր վրա. կիրառում է օրենքն ամենախիստ ձևով՝ հույս ունենալով, որ դատարանը կտա իր վերջնական մեկնաբանությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։
Ըստ փաստաբանի՝ ապացուցման շեմը շատ ավելի բարենպաստ պետք է լինի գույքը ձեռքբերողի, բարեխիղճ գնորդի համար։ Հայաստանում, ըստ նրա, պետական պաշտոնյաներին չպատկանած բարձր արժեք ունեցող գույքերը քիչ են, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։
Հարցին, թե օրենքի սահմանադրականության առումով խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ամեն ինչ նորմալ է, պատասխանեց, որ օրենքի միատեսակ կիրառելիության սահմանափակման հարցն է։
«Ըստ էության՝ ի՞նչ է ստացվում․ որ իրավասու մարմինն է որոշում որ դեպքում ուսումնասիրություն անել, որ դեպքում՝ ոչ։ Ճիշտ է հիմքերը կան, բայց ի՞նչ ապացույցների բազայի շրջանակներում են ուսումնասիրություններ կատարելու, որոշումներ ընդունվելու և որոնցով՝ չէ, քանի որ դրանք գաղտնի են, այդ պրակտիկան չի բացահայտվելու։ Եվ ըստ էության՝ բացի Ազգային ժողովից, բացի դատախազին վերահսկող դատախազից, հասարակաությունը և մնացած բոլոր սեփականատերերը չեն կարող իմանալ, թե ինչ կանխատեսելի չափանիշների դեպքում է ուսումնասիրությունը սկսվում և ինչի դեպքում չի սկսվում»,- պարզաբանեց Թաթուլ Խուդատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։