Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Սամսոնյան
A A
Քաղաքականություն

Մարդկանց փող ու սնունդ է պետք, բայց նրանց տվյալները համակարգում չկան. Անի Սամսոնյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 8-րդ ծրագրի շահառուներն իրենց չեն գտնում այդ ծրագրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա տեղեկացրեց, որ 8-րդ ծրագրից օգտվողներին բանկից զանգում, կանչում են, որ ստանան իրենց 68 հազար դրամը, բայց ստանում են ավելի քիչ: 

«Օրինակ՝ նույն ընկերության աշխատողներից երեքը ստանում են, երկուսին ծրագիրը մերժում է, ինչո՞վ է պայմանավորված, տվյալների ճշգրտման կարի՞ք կա»-ասաց Անի Սամսոնյանը՝ հարց ուղղելով Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանին:

«Կազմակերպություններ կան, որոնք ունեն գրանցված աշխատողներ, այդ մարդիկ պատահաբար որոշել են, որ պետք է օգտվեն 8-րդ միջոցառումից, լրացրել են իրենց տվյալները, և համակարգը հաստատել է, այնինչ այդ կազմակերպությունը չի ներառվում ութերորդ միջոցառման շահառուների խմբում, օրինակ՝ կարի արտադրամաս, մթերային խանութ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց դիմում են բազմաթիվ քաղաքացիներ:

Սամսոնյանն ընդգծեց, որ մարդկանց փող ու սնունդ է պետք, բայց նրանց տվյալները համակարգում չկան:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձագանքեց, որ հնարավոր է՝ գործունեության տեսակների դասակարգիչը սխալ լրացնելու պարագայում գործատուն հայտնվի տուժող գործատուների ցանկում:

 «Իսկ երբ աշխատողներից երեքը հայտնվել են, երկուսը՝ չէ, դա նշանակում է, որ գործատուն ունի չգրանցված աշխատող»,-ասաց նա: