Հայկական կողմը պետք է հստակեցնի՝ փուլային տարբերակի և տարածքների մասին խոսք կա՞. Արման Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կարծում է, որ Արցախի հարցի շուրջ քննարկվող դրույթները պետք է ավելի հասկանալի ու բաց լինեն:
Այս մասին նա ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե բանակցային սեղանին կա փաստաթուղթ:
«Դժվար է գնահատականներ տալ, քանի որ մենք բանակցային անմիջապես փուլի մեջ չենք, բայց քանի որ գոյություն ունի հանրային բավականին լուրջ պահանջ, և ՀՀ արտգործնախարարության կողմից հայտարարություն է արվում, թե ոչինչ չեն թաքցրել և միշտ եղել են բաց, եթե միշտ բաց են եղել, ապա թող լինի հստակ հայտարարություն, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում կամ չենք քննարկում ազատագրված տարածքների խնդիր»:
Աբովյանն ասում է՝ շատ կարոր է դուրս գալ մի կողմից դավադրությունների տեսությունից, և հասկանալ, որ դիվանագիտական շատ լուրջ ու ծանր գործընթաց է ընթանւմ, մյուս կողմից էլ՝ հասկանալ, որ այդ գործընթացի շուրջ ծավալվող պրոցեսները չպետք է վնաս տան մեզ:
Դիտարկմանը, թե Լավրովի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը խանդավառության մեջ է, պատգամավորն ասաց.
«Արդյունավետ է քննարկել և փորձել վերլուծել ադրբեջանական կամ թուրքական կողմի հայտարարությունները, խանդավառությունները։ Գոյություն ունի հստակ գաղափար, որ ադրբեջանական կամ թուրքական կողմը երբեք չեն կարող օբյեկտիվ վերլուծական տեղեկատվություն տալ հանրային դաշտում»։
Պատգամավորն ընդգծում է, որ մենք պետք է սառը դատենք այս իրավիճակում և հանկարծ թույլ չտանք, որ այս իրավիճակն օգտագործեն և հակառուսական տրամադրություններ գեներացնեն՝ ավելի բարդացնելով հարցը:
Աբովյանի խոսքով՝ համանագահները չունեն ստիպելու կամ պարտադրելու մանդատ, նրանք մոդերատոր են, որոնք նոր գաղափարներ են գեներացնում:
Հայկական կողմը, ըստ Աբովյանի, պետք է երկու նախադասությամբ հստակեցնի խնդիրը.
«Գնո՞ւմ է արդյոք խոսք փուլային տարբերակի մասին և գնո՞ւմ է արդյոք խոսք տարածքների մասին»,- նշեց նա:
Տեսանյութը՝ Factor.am-ի