Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Անանյան
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Մ․Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ուշ հաղորդվել․ Դավիթ Անանյանի մեկնաբանությունը

Կառավարությունում հրավիրված ասուլիսին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրյալ ներգրավելու մասին հարուցված քրեական գործերի մանրամասներից։ Սակայն, Դավիթ Անանյանն այդ հարցերին չպատասխանեց, նշելով՝ բավարարվեք ՊԵԿ-ի երեկ տարածած հաղորդագրությամբ։

23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, սակայն միայն ապրիլի 22-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, ինչո՞ւ։ Այս հարցին ի պատասխան Դավիթ Անանյանը հորդորեց՝ թույլ տալ, որ իրենք որոշեն, թե երբ է պետք որևէ տեղեկություն հրապարակել։

«ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում շատ տեղեկատվություն հայտնելուց, որովհետև շատ պարագաներում նման տեղեկատվության հրապարակումը կարող է վտանգել քրեական գործի վարույթին և ընթացքին։ Հրապարակվեց այն ժամանակ, երբ որ հարցում կատարվեց, և մենք ստիպված էինք պատասխանել և դրան պատասխանելուց հետո նման տեղեկատվություն տարածեցինք, որպեսզի լինի ավելի համապարփակ, քան մամուլում տարածված զանազան տեղեկատվությունն է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՊԵԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշում է կայացվել Միքայել Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: