Բացել լրահոսը Փակել լրահոսը
online-education-platforms-telecommute-and-remote-jobs
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ինչո՞ւ հեռավարի գնահատականները չեն հաշվելու, եւ ինչպիսի՞ն է ընդունելության հայտերի հայտագրման նոր կարգը

Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականները ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա։ Այս որոշումը երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հայտարարելուց հետո քննարկումների առիթ էր դարձել։

Կառավարությունում հրավիրված ասուլիսին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու է նման որոշում կայացվել։ Նա հիշեցրեց, որ ի սկզբանե հայտարարել էին, որ շատ ուշադիր են լինելու իրավիճակին և հետո կայացնելու են որոշումներ։

«Բազմիցս հայտարարել ենք, որ թեև իրավիճակն այնպիսին է, որ մեծ պատրաստակամություն, ընդգրկվածության աստիճան կա, սակայն տեխնիկական սարքերի և ինտերնետային կապի հասանելիության պատճառով երեխաների մի մեծ խումբ դուրս է մնում հեռավար ուսուցման շրջանակներից,  մենք խոսում ենք առնվազն 20 տոկոս աշակերտների մասին»,- ասաց նա։

«Հետևաբար այն որոշումները, որ կարող ենք կայացնել, պետք է ելնեն բոլոր աշակերտների շահերից։ Չենք կարող կայացնել անհավասար որոշում, որի պատճառով երեխաների մի խումբ, որ հանգամանքների բերումով չի կարողացել կրթությունը շարունակել հեռավար ձևով, զրկված լինի այն հնարավորություններից, որը հասանելի է եղել այլ խմբերի»,- ասաց փոխնախարարը։

Այս տարի 4-րդ, 9-րդ դասարանների աշակերտները մյուս դասարան փոխադրվելու համար քննություն չեն հանձնելու։ Այն առարկաները, որոնք համարվում էին քննական առարկաներ այս դասարաններում, տարեկան գնահատականները կհամարվեն նաև քննական գնահատականներ։

«Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փոխադրական քննություններ չեն լինելու նաև ավագ դպրոցի 10-րդ, և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով։ Ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ ևս չեն լինելու։

Այս պարագայում ևս ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով, սակայն այն աշակերտները, որոնք քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, հնարավորություն կունենան ընտրել՝ պահպանել այդ քննությունների արդյունքները կամ ընտրել տարեկան գնահատականը որպես ատեստատում քննական գնահատական։

Նախատեսվում է, որ ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը։ Բուհերի ավարտական պետական քննությունների անցկացման ձևը կընտրեն ուսումնական հաստատությունները։

«Քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման կանոնները, և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ, գործընթացն ավարտելով մինչև հուլիսի 1-ը։ Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն մեկ հիմնական քննություն։ Միասնական քննությունների ցանկը ըստ մասնագիտությունների կհայտարարվի ապրիլի 30-ին։

«Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։ Թեև մինչև մարտի 15-ը դիմորդները արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը, սակայն, ընթացակարգի փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հայտագրման հնարավորություն տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին։

«Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ որպես մեկ միասնական գործընթաց։ Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից, և կգործի մինչև հունիսի 15-ը։ Հայտագրումը կիրականցվի էլեկտրոնային եղանակով։ Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհը և մասնագիտությունը։ Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել՝ հնարավորություն ունենալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը, հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները։ Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարված գումարը»,- պարզաբանեց Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։