Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Քաղաքականություն

Քննչական գործողություններ կատարելու մասին միջնորդությունները դատարան և հսկող դատախազին կարող են ուղարկվել էլ․եղանակով

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Ատոմյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Պատգմավորն առաջարկում է օրենսգրքի 282-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ եւ 280-րդ հոդվածներով նախատեսված՝ քննչական գործողությունների կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) և այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան և հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով:

2019թ․-ի նոյեմբերին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ, որոնցով նախատեսված էր դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելը: Այս նախագծով ավելացրել են քննչական գործողությունների կատարելու մասին միջնորդությունները ևս էլեկտրոնային եղանակով ուղարկել։

Օրինագծով առաջարկվում է նաև միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է քննիչին ուղարկվել էլեկտրոնային եղանակով: Ըստ Սերգեյ Ատոմյանի՝ այս լրացումները նպատակ ունեն նվազեցնելու անհարկի փաստաթղթաշրջանառությունը թղթային տարբերակով։

Օրինագիծը քննարկվել է նաև քննչական մարմինների և այլ շահառու անձանց հետ։ Նրանք դեմ չեն եղել առաջարկվող լրացումներին։ Կառավարությունը ողջունում է այս օրինագիծը, սակայն որոշ առաջարկություններ է արել։

Մասնավորապես՝ գործադիրն առաջարկում է, որ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է էլեկտրոնային եղանակով ուղղարկվել ոչ թե քննիչին, այլ վարույթն իրականացնող մարմնին, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար:

Այսինքն՝ միջնորդություն ներկայացվում է ոչ միայն քննիչի, այլ նաև՝ հետաքննության մարմնի և դատախազի կողմից: Սերգեյ Ատոմյանը Կառավարության առաջարկություններն ընդունել է։

Օրինագիծը լրամշակված տարբերակով դրվեց քվեարկության, այն դրական եզրակացություն ստացավ։