Հիմա ով ինչ ցանկանում է՝ կատարում է և դա ներկայացնում որպես ջազ․ Գարի Քյոսայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ 1972 -ին Կոմպոզիտորների տանը համերգ եղավ և 16 ջազ-խմբեր մասնակցեցին՝ Ակսել Բակունցի ջազային խումբը, Ալիկ Յոլչյանը, Դավիթ Ազարյանի խումբը, Լևոն Մալխասյանի խումբը: Այդ աֆիշան մինչև հիմա պահում եմ: Ես էլ տրիոյով հանդես եկա: Դա ժամանակներ էին, որ դեռ ապրում էին այն ջազով, որը իրոք դասական, ամերիկյան ջազ էր: Հիմա Ամերիկայում անգամ չկա այդ ջազը, այսինքն կա, բայց չի պրոպագանդվում: Ամբողջ աշխարհում պրոպագանդվում է մի բան, որը կապ չունի ջազի հետ: Ջազն ունի իր հատուկ օրենքները, սկզբունքները, և այդ օրենքներից դուրս արդեն ջազ չի, դա ուղղակի ուղղություն է: Իսկ ինչ է լավ ջազը, ջազային երաժշտությունն ընդհանրապես: Ինչպես մտքի թռիչքից ծնված Նարեկացու հանճարեղ Մատյանում , երբ գլխավոր թեման մեկն է, բայց խոսքերը, մտքերը, գույները, պատկերները, մետաֆորները շատ են, և սա նման է ջազային իմպրովիզացիային: Գլխավոր թեման կա ու կա՝ ազատություն: Ազատություն ֆորմայի մեջ, ազատություն չափի մեջ: Ջազը հոգուց ծնված, հոգևոր երաժշտություն է: Ջազն ինքնին իմպրովիզացիա է, որը հիմնված է գխավոր թեմայի վրա: Հիմա ով ինչ ցանկանում է՝ կատարում է և դա ներկայացնում որպես ջազ, որը ջազի հետ ընդհանրապես կապ չունի: Նույն բանն այսօր կատարվում է նաև Երևանում:
«Ա1+»-ի հեռախոսազրույցը ջազմեն, կոմպոզիտոր դաշնակահար Գարի Քյոսայանի հետ:
– Գարի, ինչպե՞ս եք դիմակայում կորոնավիրուսին, ինչպե՞ս եք անցկացնում «պարտադրված» հանգիստը:
– Ճիշտն ասած, շատ արդյունավետ, քանի որ փորձում եմ ժամանակս ավելի ճիշտ օգտագործել: Բավականին գործեր կան, որ կիսատ էին մնացել, հսկայական թվով նոտաներ ունեմ թարմացնելու, ստեղծագործում եմ նաև: Մի խոսքով, ստեղծագործական կյանքով ապրելու ժամանակ է ինձ համար: Նաև ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս:
– Դուք մեծ ծրագրեր ունեիք: Մարտի 14-ին ջազ-երեկո պետք է կայանար: Համերգի աֆիշները կային:
– Այո: Պետք է կայանար, հետաձգվեց մայիսի 21-ին, բայց կարծում եմ, որ մինչև այս ամենը չավարտվի, ոչինչ անել հնարավոր չէ:
– Ապրիլի 30-ը ջազի միջազգային օրն է, նշու՞մ եք :
– Այո, իհարկե: Մի նոր ստեղծագործություն եմ գրել ջազի օրվան նվիրված, կոչվում է «Իմ երազանքի օրը»: Բառերը ևս իմն են: Մի քանի օր առաջ մի փորձնական live արեցինք, գովեստի խոսքերը շատ էին, բայց ես հասկացա, որ սա պրոֆեսինալ մոտեցում չէ: Կարծում եմ, երկրորդ անգամ չենք կրկնի: Թերևս, եթե պրոֆեսիոնալ սարքավորումներ լինեն, միկրաֆոնները ճիշտ դրված լինեն և ձայնը ճիշտ հասնի ունկնդրին, այդ դեպքում, իհարկե արդարեցված կլինի:
– Շատերն այն կարծիքն ունեն, որ կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ ապագան «տեղափոխվելու» է online հարթություն: Դուք ի՞նչպես եք կարծում:
– Online հարթակն ունի իր լավ և վատ կողմերը: Լավն այն է, որ ինֆորմացիան շուտ է տեղ հասնում: Սակայն սա մարդկանց թակարդի մեջ գցելու մի ձև է, որ նրանք ամբողջ օրը զբաղվեն ինտերնետով, ինչը մի քիչ վտանգավոր է:
–Ասում են, որ Երևանը ջազային քաղաք է, համամի՞տ եք:
– Այո, մեր ազգը շատ է սիրում ջազ: Ասեմ որ, ջազը ոգևորող արվեստ է, մտավոր զարգացումը ճկունացնող, իմպրովիզացնող արվեստ է:
–Երևանյան Ջազային համայնքի հետ, դուք այսօր, կարծես թե չեք առնչվում:
– Ասեմ ինչու: Մի քանի տարի առաջ լույս տեսավ «Հայկական ջազի անթոլոգիան»: Ով իր կյանքում մի կես էջ նվագել էր, կա այդ անթոլոգիայում, իսկ ես չկամ: Իմ մասին ոչ մի խոսք: Չգիտես ինչու, վախենում են իմ անունը տալ: Դա կարող եմ բացատրել, թերևս, որպես մոնոպոլիայի արդյունք: Ոնց որ շաքարի, բրնձի մոնոպոլիա կար Հայաստանում, այնպես էլ ջազում է: Ինձ հաճախ հարցնում են, թե արդյո՞ք ես Հայաստանում եմ ապրում: Անգամ շատերը կարծում են, որ դեռ Ամերիկայում եմ: Մինչդեռ 2003 -ին եմ վերադարձել հայրենիք, ապրում եմ այստեղ, տուն եմ կառուցել, տարին մեկ-երկու անգամ հեղինակային համերգներ եմ ունենում, ո՞նց կարող եմ Հայաստանում չլինել: Այս ընթացքում 38-ից ավել համաշխարհային մասշտաբի ջազմեններ եմ բերել Հայաստան համերգներին մասնակցելու: 2005 թվականին հայտնի երաժիշտների հետ միասին համերգին ներկա էր նաև Շարլ Ազնավուրը: Համերգների ժամանակ երաժիշտները կատարում էին նաև իմ ստեղծագործությունները: Ամեն անգամ նոր համերգների ժամանակ նոր ստեղծագործություններ են հնչում: Ես ունեմ գրած 180-ից ավել ստեղծագործություններ: Վերջերս գրեցի երաժշտություն ներկայացման համար, որը թատրոնի համար գրված իմ չորրորդ գործ է: Անցյալ տարի Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմի համար երաժշտություն գրեցի: Սակայն ոչ մի աջակցություն չկա ոչ պետական այրերի, ոչ էլ, այսպես կոչված՝ ջազմենների կողմից: Հույս ունեմ, որ նոր նախարարության հետ կապված ինչ-որ բան կարող է փոխվել: Հույս ունեմ, որ լավ կլինի:
– Ջազի վերելքը Երևանում դուք համարում եք անցյալ դարի 60-70-ական թվականները:
– Այո, իհարկե: Սակայն այսօր էլ կան բավականին տաղանդավոր երաժիշտներ, ջազմեններ: Քանի որ մինչև հեղափոխությունը մեր ղեկավարությունը ոչ մի կապ չուներ ջազի հետ, չէր հովանավորում ջազը: Այսօր բավականին շատ են ոչ պրոֆեսիոնալ երաժիշտները, բոլոր հեռուստաալիքներով կազմակերպված համերգների մեծամասնությունը դրանց վկայությունն են:
– Ձեր դստրիկը՝ Մարիան ևս երգում է:
– Իր տարիքի համար բավականին լավ է երգում, լավ երաժշտական լսողություն ունի, դա շատ կարևոր է: Առաջին քայլերն է անում պապիկի կառուցած Չայկովսկու անվան դպրոցի շենքում: Երկու տարի առաջ Միացյալ Նահանգներում էինք համերգների, Մարիային մեզ հետ էինք տարել և համերգներից մեկի ժամանակ նա դահլիճում նստած անգիր երգում էր մայրիկի՝ Ալլա Սահակյանի ծրագիրը: Բավականին ընդունակ է, կարծում եմ լավ երաժիշտ է դառնալու:
– Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
– Պատրաստում ենք համերգ Էջմիածնում: Ծրագիր ունենք համերգ կազմակերպել Երևանում, ջազ ակումբներում: Ըստ երևույթին դա կլինի սեպտեմբերին: Աստված տա ամեն ինչ նորմալ լինի, որպեսզի երաժիշտները կարողանան Ամերիկայից գալ:
Առողջություն եմ ցանկանում բոլորին, մեր երկրին, ամբողջ աշխարհին, առողջ սնունդ և առողջ արվեստի ճաշակ մեր ազգին, քանի հոգևոր սնունդը, որը տրվում է նաև արվեստի միջոցով, նույնպես շատ կարևոր է: