Մեկը մեկին վիրավորում է «թափթփուկ»,«տականք» կամ «շնաբարո դուրսպրծուկ», իսկ դատական գործերը ձգվում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին շրջանում առավել խորացած ատելության մթնոլորտում, անհամեմատ խորացել են՝ քաղաքական, անձնական, այլ հայացքներից ելնելով փոխադարձ վիրավորանքի, մեկը մյուսի արժանապատվությունը նսեմացնելու գնով խնդիրը լուծելու մոտեցումը,- Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայարարեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ մոտեցումը զսպելու միջոցներից մեն էլ խախտված կամ վիճարկվող իրավունքի դատական գործընթացը արագացնելն է.
«Մեկը մեկին վիրավորում է «թափթփուկ», «տականք» կամ ավելի մոդայիկ վիրավորանք, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկ»: Մենք գիտենք, որ Քրեական օրենսգիրքը չի անդրադառնում զրպարտության և վիրավորնաքի հանցակազմին, դրանք տեղափոխվել են քաղաքացիական օրենսդրության հարթություն և անձին մնում է միայն դատական պաշտպանության հնարավորությունը, որպես հիմական միջոց»:
Ըստ Պետրոսյանի՝ գործող օրենսդրությամբ՝ դատարանները պատվի արժանապատվության և գործարար համբավի վնասների հատուցման գործերը քննում են ընդհանուր կարգով և ընդհանուր ժամկետով, ստացվում է, որ մարդու անվան հետ կապված վիրավորական, զրպարտչական տեղեկատվությունը տարիներ շարունակ անընդհատ թարմացվում է՝ դատական նիստերը հետաձգելու արդյունքում և այս մարդը տարիներ շարունակ գտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Պետրոսյանը տեղեկացրեց՝ նախագիծը կազմելիս հարցմամբ դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ ու որոշակի վիճակագրական տվյալներ ստացել: Այնտեղից ստացված տվյալների համաձայն՝ դատական համակարգ տեղեկատվական համակարգչային ծրագրում առկա տվյալներով 2018-2019թթ ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ քննված ու համապատասխան որոշում կայացված գործերի քննության նվազագույն տևողության ժամկետը 30 օր է, առավելագույնը՝ 517, իսկ նշված գործերի ընդհանուր թվի քննության միջին տևողությունը 278 օր է։
Շեշտում է, որ այստեղ խոսքը դեռ միայն Առաջին ատյանի դատարանի մասին է.
«Քաղաքացիները ուղղակի չեն նախընտրում դատարան դիմել, ասում են դատարան դիմելու դեպքում գործը տարիներով քննվելու է, տարի ու կես –երկու տարի ամբողջ լրատվամիջոցներով խայտառակ են լինելու՝ ինչ է թե վերջում 1մլն դրամի փոխհատուցում լինի» ։
Նախագծով առաջարկվում է ժամկետները սեղմել, որպեսզի մարդն իմանա, որ դատարան դիմելու արդյունքում առավելագույնը 6-7 ամսում իր գործով վերջնական դատական ակտ կլինի,-ներկայացրեց նախագծի հեղինակը:
Ինչ վերաբերում է Կառավարության դիտարկմանը, թե դատարանների ծանրաբեռնվածության խնդիր կա, Պետրոսյանն արձագանքեց, որ իրավական պետությունում մարդուն չպետք է հետաքրքրի, թե պետությունն ինչպես է կազմակերպում դատական ապարատի աշխատանքը.
«Մարդը մեղավոր չէ, որ պետությունն այնպես չի կարողանում կազմակերպել դատական համակարգի գործունեությունը, որ կարողանա ժամանակին, արագ քննել անձի հետ սերտորեն, անբաժանելիորեն կապված իրավունքի հարցերը։ 10 ձևի վերահսկիչ, հսկիչ մարմիններ ենք պահում, կարծես այդ հիմնարկների գործունեության մասին մեծ աղմուկ, տեղեկատվություն չկա, թող այդ տեսչությունները կրճատեն, դատավորի մի քանի հաստիք ավելացնեն ու լուծեն մարդկանց վեճերը։ Ինչքա՞ն կարելի է մարդու արժանապատվությունը դարձնել ծածմվելու,չարչրկվելու առարկա»։
Նախագծի քվեարկությունը հետաձգվեց երկու ամիս ժամկետով: