Լավագույն ժամանակը չէր Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից գազի գնի բարձրացման մասին խոսելու. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հրավիրված առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գազի գնի խնդրին: Հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը կքննարկվի: Այս առնչությամբ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէր՝ մանավանդ հաշվի առնելով կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները.
«Իսկ մեր քաղաքական խորհրդակցություններն այդ հարցի շուրջ շարունակվում են: Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակին (հայտնի է, որ որոշ ընկերությունների հետ կապված կան հարուցված քրեական գործեր), ինչը պաշտոնական Մոսկվան խնդրահարույց է համարել, վարչապետը նշեց, որ թեման ամենայն մանրամասնությամբ քննարկել է Ռուսաստանի նախագահի և մնացած գործընկերների հետ.
«Մենք ձեռք ենք բերել շատ հստակ պայմանավորվածություններ: Մնում է, որ մենք ի կատար ածենք դրանք, որը հաշվի կառնի մեր երկրների հարաբերությունների շահերը»:
Փաշինյանը շեշտեց հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, որում առկա խնդիրները մշտապես քննարկվում և լուծումներ են ստանում:
«Բոլոր դեպքերում էլ պետք է լինեն բարեկամական ու դաշնակցային կոմպրոմիսներ ու փոխըմռնում», - եզրափակեց նա: