Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Գազի գնի հարցը պետք է տարանջատվի ինքնիշխանության կորստի խնդրից․ Միքայել Մելքումյան

«Ա1+»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։

- Պարոն Մելքումյան, երեկ ԵՏՄ հեռավար գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց նվազեցնել Հայաստանին ու Բելառուսին վաճառվող գազի գինը, ԵՏՄ-ում գազի գնի միասնական սակագնի ներդրումը: Պատճառաբանեց, թե դա կարելի է անել, եթե հասնեն ինտեգրման որոշակի մակարդակի և ունենան միասնական շուկա, միասնական բյուջե, միասնական հարկային համակարգ: Որքանո՞վ է դա գործընկերային ԵՏՄ շրջանակներում այն դեպքում, որ էներգակիրների միջազգային գները կտրուկ նվազել են, և նույն ՌԴ-ն գազը Եվրոպային ավելի ցածր գնով է վաճառում:

- ԵՏՄ շրջանակներում միասնական էներգետիկ շուկա կարող է ձևավորվել մինչև 2025թ. հունվարի 1-ը: Եվ փաստաթղթում հստակ նշված էլ չէ, թե միասնական էներգետիկ շուկայի դեպքում ՌԴ-ն գազը ԵՏՄ մյուս երկրներին անպայմա՞ն պետք է իր ներքին գներով մատակարարի: Ինչ վերաբերում է հեռավար գագաթնաժողովի ժամանակ հնչած հայտարարություններին, պետք է հասկանալ, որ դա կլինի Հայաստանը, Բելառուսը, թե այլ երկիր, նրանցից յուրաքանչյուրը սպասարկում է իր ազգային պետական շահը: ՀՀ քաղաքական ղեկավարությության արած հայտարարությունը հատկապես համավարակի պայմաններում բխում էր մեր ազգային պետական շահերից`մեր տնտեսության վերականգնմանը անհրաժեշտ է մատչելի գներով գազ: Նույնը` Բելառուսի դեպքում:

Բայց ես, որպես քաղաքական գործիչ, մտածում եմ, երբ մենք ունենանք ինտեգրման խորը մակարդակ, կարո՞ղ է հանկարծ քննարկենք մեր ինքնիշխանության ինչ-որ տարրեր կորցնելու վտանգը: Այս հարցը դեռ պարզաբանված չէ: Մենք դեմ ենք, չէ՞, որ մեր ինքնիշխանությունից թեկուզ 1 մմ կորցնենք: Սա նշանակում է, որ գազի գնի խնդիրը պետք է տարանջատվի ինքնիշխանության կորստի կամ խորը ընտերգրման խնդիրներից: Հատկապես, որ կորոնավիրուսային այս դժվար պայմաններում ենք, և մեր` ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը պետք է անպայման զուգորդվի գոնե մատչելի գազի գնի լուծմամբ: Ես չեմ ասում, թե մենք պետք է գազը ստանանք ՌԴ ներքին գներով, բայց ոչ էլ այս գներով: Պետք է միջանկյալ մի գին սահմանվի:

Եվ երրորդ հանգամանքը, որը նույնպես շատ կարևոր է և իմ կարծիքով նորություն է, պե՞տք է որ գազի գնի շուրջ բանակցությունները լինեն երկկողմանի` ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև: Եթե հիշում եք, մարտի վերջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գազի գինը իջեցնելու մասին նամակ գրեց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերին, որն էլ պատասխանեց, թե դա քաղաքական հարց է: Ես կարծում եմ, որ այս փուլում այդ հարցը ոչ թե պետք է քննարկվի ՀՀ-ՌԴ երկկողմանի բանակցություններում, այլև ԵՏՄ հարթակում, որպեսզի բոլոր անդամ երկրներն էլ համախմբվեն իրենց համար գազի ցանկալի գին սահմանելու հարցի շուրջ:

- Բայց երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է այդ հարցը բարձրացնում, ու դա հնչում է ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ, չի՞ նշանակում, որ խնդիրն արդեն այդ միության հարթակ են տեղափոխել:

- Այո, բայց մինչև հիմա եղել է երկկողմանի: Բայց հեռավար գագաթնաժողովի ժամանակ հարց հնչեցնելը դեռ չի նշանակում, որ դու բանակցություն ես վարում: Բանակցությունն իր սխեմաներն ունի, նախապատրաստական փուլերն ունի, մի օրում չեն բանակցում ու ասում, թե արդյունքը սա է: Իսկ ինչո՞ւ է ԵՏՄ հարթակն ավելի գրավիչ: Եթե 3-4 երկիր են ընդհանուր շահերով հանդես գալիս, հարցի լուծման հավանականությունը բարձր է լինում:

- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գազի գնի վերաբերյալ իր հայտնի հայտարարության մեջ պարզ հասկացրեց, որ մեր երկրին վաճառվելիք գազի գնի հարցը պայմանավորված է նաև ՀՀ-ում ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ հարուցված քրեական գործով: Այսինքն` եթե այդ գործը փակվի, կարող են քննարկել գազի գնի նվազեցման հարցը:

- Դրանք իրար հետ կապելու հիմք չեմ տեսնում, դա ինձ համար ընդունելի չէ: Բայց գազի գնի հարցը պետք է լուծել ԵՏՄշրջանակներում, այնտեղ երկաթուղու և նման այլ հարցեր չկան: Ի՞նչ է, կարծում եք, ՌԴ-ն ԵՏՄ մյուս երկրների հետ նման հարցեր չունի՞: Իհարկե, ունի, բայց երբ հարցը տեղափոխում ես ԵՏՄ հարթակ, այդ մասնավոր խնդիրները ետին պլան են մղվում:

- Բելառուսը դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ հնարավորությունները, ԱՄՆ-ից նավթ է ներկրում: Հայաստանը նման ի՞նչ հնարավորություններ ունի, որ մեղմի ռուսական գազի գնի բացասական ազդեցությունը:

- Մեզ համար ակտուալ հարց է, որ գազի գնի համար ՌԴ-ի հետ այնպես պայմանավորվենք, որ լուծենք Թուրքմենիա-Իրան-Հայաստան տարանցման խնդիրը: Ինչպես նաև` Հայաստան-Իրան գազամատակարարման հարցը: Բայց մենք ունենք 2013թ. միջպետական պայմանագրի խնդիրը, և կարծում եմ, ժամանակն է, քննարկելու դրա համապատասխան դրույթի վերանայման հարցը: Մենք ունենք նաև գազամատակարար օպերատոր «Գազպրոմ-Արմենիայի» խնդիրը: Եվ եթե անգամ իրանական գազը մատչելի գնով մտնի Հայաստան, մատակարարը նորից այդ ընկերությունն է: Դրա համար էլ մենք պետք է արագ դիվերսիֆիկացնենք բարձրավոլտ էլեկտրական գծերի շահագործումը, որ կարողանանք Իրանից ավելի շատ գազ ստանալ, ինչը էլեկտրաէներգիայի բալանսի վրա կունենա դրական ազդեցություն:

- Բայց Թուրքմենիան ու Իրանը ՀՀ-ին գազ մատակարարելու համար ՌԴ-ի հետ կմտնե՞ն հակասության մեջ: Հատկապես, որ մեր երկիրը գազ սպառելու համար քիչ փոքր շուկա է:

- Համենայնդեպս այդ հարցի շուրջ քննարկումները միշտ եղել են, որոշակի քայլեր արվել են, և մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները: Ուրիշ ճար չունենք: Պետք է փորձենք զուգահեռ օգտագործել հարավային ուղղությունը:

- Ի վերջո` ՌԴ իշխանություններն ինչո՞ւ են ՀՀ իշխանությունների հետ հակասությունների մեջ, որ գազի գնի հարցում նման կոշտ դիրքորոշում են որդեգրել: Հեղափոխությունից հետո ՌԴ-ն 15 դոլարով թանկացրեց ՀՀ-ին վաճառվող գազը:

- Ես մի անգամ արդեն ասել եմ, որ հայ-ռուսական բարեկամությունն ունի դարերի պատմություն, և երբևէ պայմանավորված չի եղել օրվա իշխանության նախասիրություններով: