«Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ»․ ԵԿՄ-ին առնչվող օրինագիծը մնաց օրակարգում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու «Իմ» քայլը խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն ավագանու նիստի ժամանակ առաջարկեց օրակարգից հանել Երկրապահ կամավորականների միությանն առնչվող հարցը։
Որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում էր ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրել։
«Ավագանու անդամներն առնվազն «Իմ քայլը» խմբակցությանը այս մասին տեղյակ են պահել ավագանու նիստից ընդամենը երկու շաբաթ առաջ, իսկ տվյալ հարցը, լինելով բազմաշերտ, կարիք ունի ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրության»,- պարզաբանեց իր առաջարկը Պապիկյանը։ Վերջին առաջարկեց հաջորդ հերթական նիստին բերել այս հարցը։
Բացի սա, ըստ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի, ԵԿՄ-ին չի առաջարկվել և չի քննարկվել բացի այս պահին ԵԿՄ-ի կողմից զբաղեցրած տարածքներից այլ տարածքների հարցը, ինչպես նաև օրակարգի այս հարցում տեղ են գտել վիճահարույց տարածքներ։
Պապիկյանի ելույթը «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ամոթալի որակեց։ «Տարիներ շարունակ ես, իմ կուսակցությունը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, պաշտպանել ենք բորենիներից ու մնացած բաներից «Երկրապահը», բայց բարեբախտաբար «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իշխանություն է։ Եվ Սասուն Միքայելյանն այդ իշխանության ամենավերջին անդամը չէ։ Եվ այն, ինչ այս պահին այս դահլիճում ասվեց, դուք պետք է փակ դռների ետևում «Երկրապահ» նախագահ Սասուն Միքայելյանի հետ քննարկած լինեիք»,- ընդգծեց ավագանու անդամը։
Խաչատրյանը հավելեց, որ իր համար պատիվ է քվեարկել այս նախագծի օգտին։ «Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն»,- եզրափակեց «Լույս» խմբակցության քարտուղարը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ իրենց պատվիրակությունն այս նախագծի շուրջ հանդիպել է ԵԿՄ պատվիրակության հետ, քննարկումներ են եղել, իսկ ամեն տարածքը մանրամասնորեն դիտարկվել է։ «Ինքս գտնում եմ, որ այս նախագիծը շատ նորմալ եկել-հասել է այսօր և տեղ ունի մտնելու օրակարգ և քվերակվելու»,- նշեց Մարությանը։
Վերջինիս խոսքերով՝ Միքայելյանի հետ անձամբ զրուցել է․ եկել են փոխադարձ համաձայնության այս հարցի շուրջ։
17 կողմ, 28 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը մտավ օրակարգ։
Ավելի ուշ 31 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդունվեց։