Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը խոսեց «այլ վիրուսի մասին» (տեսանյութ)

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց՝ խոսելու է այլ վիրուսի մասին:

Խոսքը դատական համակարգի շուրջ վերջին զարգացումների մասին է,  պատգամավորը համոզմունք հայտնեց, թե  վերջին օրերի որոշ իրողություններ միտում ունեն վերջնականապես թաղելու Հայաստանի դատական համակարգը առողջացնելու հույսերը:

Բաբաջանյանն ասաց՝ հեղափոխությանը հավատացած  ուժերը չեն  պատրաստվում հրաժարվել պետության համար կենսական նշանակություն ունեցող դատական համակարգի առողջացումից և զտումից, թեև Կառավարությունն արդեն հրաժարվել է իր խոստումից:

«Վերջին ավելի քան 20 տարում ապօրինի դատական ակտերով Հայաստանի քաղաքացիներին սեփականությունից զրկած, նրան իրավունքները համատարծ ոտնահարած, քաղաքական հետապնդումները օրինականացրած և ի վերջո պետության բռնազավթմանը մասնակցած ոչ մի գործող դատավոր անպատիժ չի մնալու»,-հայտարարեց Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ որևէ կոմպրոմիս չի լինելու քաղաքացիներին թալանած, ունեզրկած ու նվաստացրած իշխանության քաղաքական հետապնդումները օրինականացրած դատավորների և նրանք հովանավորների նկատմամբ:

Հայտարարեց՝ նրանք դուրս են շպրտվելու դատական համակարգից.

«Նախօրեին «Մարտի 1»-ի գործով մի շարք քաղբանտարկյալներ են արդարացվել։ Այդ մարդկանց ազատությունից զրկած, այս և մյուս գործերով Վերաքննիչ քրեական դատարանի գործող և հանցավորության մեջ թաթախված այլ շատ ու շատ դատավորներ պատասխան են տալու՝ քաղաքական պատվերով մարդկանց ապօրինաբար անազատության մեջ պահելու համար»,- նշեց Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝  Արման Բաբաջանյանը դատավորների շրջանում համատարած վեթինգ՝ զտում իրականացնելու նպատակով ստեղծել է Վեթինգի դիմադրական շարժումը, որին միացել են  շահագրգիռ հասարակական, քաղաքացիական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու փաստաբաններ։