Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ նիստը սկսվեց ծաղիկներով և շնորհավորանքով (տեսանյութ)

Մեկնարկել են Ազգային ժողովի քառօրյա հերթական նիստի աշխատանքները: Նիստը մեկնարկեց պատգամավոր Կարինե Պողոսյանի ծննդյան օրվա շնորհավորանքով: 

Այնուհետև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ծաղիկներ նվիրեց Կարինե Պողոսյանին: 

Պատգամավորներն անցան քվեարկության:  ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 116 կողմ ձայներով ընդունեց  Կառավարության և մի խումբ պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը:

Ինչպես արդեն հայտնել էինք, այս նախագծով առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ:

Փոփոխություններ են առաջարկվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն: Իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն:

Առաջին ընթերցմամբ  117 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց նաև Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ըստ այդ օրինագծի՝ Հայաստանում  աճուրդով վաճառվող հողերի համար մեկնարկային գնի ցածր շեմը կբարձրացվի:

Առաջարկվում է պարզեցված ընթացակարգով փոփոխել սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը:

Օրենսդիրը 118 «կողմ» ձայնով  վավերացրեց նաև արձանագրությունը, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: Վավերացվեց նաև Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարլու հարցը: Հարցի քննարկումն ընդհատվել էր երեկ: