Առաջարկվում է օրենքով ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունն առաջարկում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել:
Նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, նրանց իրավունքների սահմանփակման դեպքերը և կարգը:
Առաջին անգամ օրենքով ամրագրվելու է ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը:
Նախատեսվել է նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնագետին դիմելու փաստի, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանել որպես բժշկական գաղտնիք:
Օրինագծը մի շարք այլ ամրագրումներ ևս առաջարկում է:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագծի ընդունումը կարևորեց մարդու իրավունքների և մարդասիրության տեսանկյունից:
Մելքումյանի հարցադրմանն ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին մեր երկրում կա հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններին դիմող անձանց թվի աճ: Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ հոգեբուժական հաստատություններում այսօր մասնագետների ներգրավման խնդիր կա, աշխատում են ոլորտը գրավիչ դարձնելու ուղղությամբ:
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք այս օրինագիծը ենթադրում է ավելի խիստ և ավելի հոգատար մոտեցում, քանի որ մինչև այսօր վերահսկողությունը եղել է թերացած:
Փոխնախարարը արձանագրեց, որ այս օրենքով կարգավորման առարկան հնարավորինս լայն է վերցված, և սա հնարավորություն է տալիս ոլորտում ունենալ համապարփակ և կարգավորված իրավահարաբերություններ, լինելու է նաև հանրային վերահսկողություն: