Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի պատասխանատվության. վարչապետը՝ Անի Սամսոնյանին (տեսանյութ)

Շինարարական ընկերություններից մեկը ներկայացրել է բանկային երաշխիքի կեղծ փաստաթուղթ, և այդ ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ: Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, հավելելով՝  իսկ Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը վարչապետի մտերիմն է.

«Հետևաբար՝ ես կարծում եմ, որ Դուք այս փաստը պետք է ուշադրության արժանացնեք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան արձագանքեց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետի ենթակայության տակ գործող ՊՎԾ-ն, գործերն ուղարկվել են ԱԱԾ: Վստահեցրեց՝ որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության:

Ինչ վերաբերում է վարչապետի հետ ազգակցական կապերի վերաբերյալ դիտարկմանը, Փաշինյանն ասաց՝ Հայաստանը փոքր երկիր է, «եթե շատ փորփրենք կարող է Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնենք»:

Հայաստանում շատ քիչ կան մարդիկ, որոնք տարբեր կերպ իրար հետ կապված չեն,-պնդեց նա.

«Եթե դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին»:

Վարչապետը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ յուրաքանչյուրը Կառավարության գործունեության մասին պատկերացում կազմում է իր մտապատկերների շրջանակներում:

«Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի պատասխանատվության, և ձեր՝ ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան նման ճակատագրից»,- ասաց վարչապետը: