Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Պարո՛ն դատախազ, Ձեր գլխավորած գերատեսչությունում նախկին իշխանության կողմից դրված ականներ կան». Արման Բաբաջանյան (տեսանյութ)

«Մինչև օրս դատախազությունը պատշաճ հետևողականություն չի ցուցաբերել Մարտի 1-ի գործով տարբեր վճիռներով տարբեր պատժաչափերի դատապարտված քաղաքական գործիչների արդարացումների մասով»,-այս մասին ԱԺ-ում Գլխավոր դատախազության 2019 թվականի հաղորդման ընթացքում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա ընդգծեց՝ խոսքն ինչպես առանձին գործերի, այնպես էլ, օրինակ, հայտնի «7»-ի գործի մասին է: 

Թեև Մարտի 1-ի գործով անցնող մի քանի քաղաքացիների արդարացումներ եղել են, սակայն անկախ պատգամավորն այնքան էլ գոհ չէ, ասում է՝ դեռևս տասնյակ անձինք սպասում են իրենց արդարացումներին, ինչը չի արվում առաջին հերթին դատախազության մեղքով կամ անգործության հետևանքով:

Գործի ներկայիս ընթացքը ևս մտահոգիչ է Բաբաջանյանի համար, հատկապես մատնանշում է, որ գործի հետ առնչություն ունեցող մի քանի առանցքային դերակատարները Հայաստանում չեն.

«Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան. այս անձինք կարևոր դերակատարներ են Մարտի 1-ի գործով, սակայն նրանց հաջողվել է Հայաստանի իրավապահների «աչալուրջ» հսկողության ներքո ճողոպրել և թաքնվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում»:

Բաբաջանյանը պնդեց, որ Վահագն Հարությունյանի մասով Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է միտումնավոր անգործություն:

Մի շարք այլ քրեական գործերով ևս  անկախ պատգամավորը հարցեր բարձրացրեց՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին և հետաքրքվեց՝ ինչո՞վ է պայմանավորված անգործության դրսևորումները:

Բաբաջանյանը թվարկեց տարբեր քրեական գործերով անցնող մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անուններ և մատնանշեց, որ նրանց բոլորին հաջողվել է լքել երկիրը, և դատախազությանը մինչ օրս չի հաջովում նրանց վերադարձնել Հայաստան:

Հիշեցրեց նաև «Հաց բերողի» գործի մասին,  ասաց՝ հենց այս գործով մեղադրել են Արթուր Դավթյանին, ընդ որում՝ մեղադրանքներ հնչեցրել են Դավթյանի նախկին գործընկերները:

Բաբաջանյանն ասաց՝ ակնկալում է լսել՝ ինչ առաջընթաց կա այս գործով:

«Պարո՛ն դատախազ, Ձեր գլխավորած գերատեսչությունում բազմաթիվ խնդիրներ կան, նախկին իշխանության կողմից դրված ականներ կան, այս ուղղությամբ կարևոր եմ համարում դատախազական համակարգի զտումը, վեթինգը, որը պետք է կրի պարբերական բնույթ», ասաց նա՝ նշելով, որ դատախազությունը պետք է ենթարկվի մտածողության հիմնարար վերափոխման։

 

Արձագանքելով Արման Բաբաջանյանի դիտարկումներին՝ Արթուր Դավթյանը պնդեց՝ պատգամավորի հնչեցրած փաստարկները իրականությանը չէին համապատասխանում: Մարտի 1-ի գործով քննչական խմբի  ղեկավար Վահագն Հարությունյանի մասով դատախազությունը երկու անգամ Վճռաբեկ բողոք է ներկայացրել,-ընդգծեց Դավթյանը հավելելով, որ Բաբաջանյանին ներկայացրել են, թե Դատախազությունը բողոք չի ներկայացրել:

«Ոչ ոք ավելի հետևողական չի եղել Վահագն Հարությունյանի պատասխանատվության մասով, որքան դատախազությունը»:

Արմեն Թավադյանի գործով դատավոր Ազարյանին դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել,-հայտնեց Դավթյանը:

«Հաց բերող»-ի վերաբերյալ քրեական գործն ընթացիք մեջ է: Ի պատասխան Բաբաջանյանի հարցադրման հայտնեց դատախազը: