Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց բանկային գաղտնիքի մասին օրենքը (տեսանյութ)

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ 

Վերջինիս խոսքով՝  փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:

«2004-ին ընդունվել էր օրենք, ըստ որի՝ կապիտալի 5 տոկոսից ավելի բոլոր վարկերը, եթե ժամկետանց են, պետք է հրապարակվեին։ Հետագայում համակարգը զարգացվել է, վարկային բյուրո է ներդրվել, չնայած դրան նախորդել էր նաև 2008-ին 20 մլն դրամ և ավելին, որի արդյունքում հազարավոր մարդկանց տվյալներ պետք է հրապարակվեին ու առաջացել էր անհատական տվյալների պաշտպանության խնդիր»:

ԿԲ նախագահի տեղակալը վստահեցրեց, որ ցանկերում չկան անձինք, որոնց վերաբերյալ կային կասկածներ, թե թաքցվում են նման վարկառուները, կոռուպցիոն ռիսկերը ևս ուսումնասիրվել են, այդպիսիք չկան:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Վարդան Աթաբեկյանը հավելեց, որ օրենքի մեջ խնդիր էին տեսել, երբ 2009-ից ԿԲ-ը սեփական նախաձեռնությամբ իրավական ակտի միջոցով դադարեցրել էր օրենքի կիրառումը, և որևէ տվյալ չէր հրապարակել, մենք դրա մեջ կոռուպցիոն ռիսկեր էինք տեսնում, քննարկումների արդյունքում ստացել են հարցերի պատասխանները:

Մտքերի փոխանակման փուլում մի քանի պատգամավորներ ևս նշեցին, որ փաստորեն 9 տարի օրենքի խախտում է թույլ տրվել, օրենքը փաստացի եղել է, բայց չի գործել: Սրան ի պատասխան՝ ԿԲ նախագահի տեղակալը եզրափակիչ ելույթում նշեց, որ օրենքի խախտում չի եղել, ներկայացրեց պարզաբանումներ: