Կորոնավիրուսի վարակման դեպք ազատությունից զրկված անձանց շրջանում չի գրանցվել. փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 3 դեպք, որից երկուսը՝ ծանր հիվանդության պատճառով»,-այս մասին Ազգային ժողովում Կառավարության կողմից առաջարկված Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Վերջինս ընդգծեց, որ նախգծի ընդունումը պայմանավորված է դատապարտյալին կամ կալանավորին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից կամ կալանքից ազատելու ժամկետների ամրագրման անհրաժեշտությամբ, ինչը կարող է բացառել նման դեպքերը և պաշտպանել անձի կյանքի իրավունքը:
Երկու մահվան դեպքերում էլ դատապարտյալը ունեցել է պատժի կրման հետ անհամատեղելիության փաստը հավաստող փաստաթուղթ, սակայն ազատ չի արձակվել, ասում է Գալյանը և մատնանշում օրենքի բացը:
Փոխնախարարի հավաստմամբ՝ ազատազրկվածների շրջանում կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել, սակայն 13 ազատազրկվածներ ունեն ծանր հիվանդություններ, նրանց հարցը քննվում է միջգերատեսչական հանձնաժողովում, և հնարավոր է, որ միջնորդություն ներկայացվի դատարան նրանց խափանման միջոցը փոխելու համար:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում անդրադարձավ «Դատապարտյալների հիվանդանոցում» առկա իրավիճակին: Շեշտեց, որ այնտեղ ստացիոնար պայմաններ չկան և չեն եղել, իսկ այդ հիմնարկը հակացուցված է ոչ միայն հիվանդ ազատազրկվածներին, այլ նույնիսկ առողջ մարդիկ չեն կարող այնտեղ նորմալ պայմաններում ապրել.
«Այնտեղ գտնվող կալանավորներին անհրաժեշտ բուժօգնությունը ամբողջ ծավալով չի տրամադրվում»:
Նրա փոխանցմամբ՝ այդ հիմնարկում կան կալանավորներ, որոնց ծնոտը փտում է, իսկ քաղաքացիական հիվանդանոցները հրաժարվում են ընդունել այդ դատապարտյալներին:
Այս իրավիճակին ի հակադրություն՝ պատգամավորը հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված որոշումը, որտեղ, ըստ պատգամավորի, խախտվել է սոցիալական արդարությունը: