Ազգային ժողովը քվեարկեց և ընդունեց մի շարք օրենքի նախագծեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյայի աշխատանքները: Այսօր նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջման ավարտից հետո պատգամավորներն անցան նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությանը: Օրենսդիրի քվերակության օրակարգն այսօր հագեցած էր, նախորդ օրը, հիշեցնենք, ԱԺ-ն երկու նիստ էր գումարել:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին Ոստիկանության համակարգում բարեփոխումներ կատարելու և Հանրաքվեն չեղարկելու մասին օրենքների նախագծերը:
Հիշեցնենք՝ առաջինը նախատեսում էր պարեկային ծառայության ներդնում նախ Երևանում, ապա մարզերում, երկրորդը՝ ԱԺ-ին արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հանրաքվեն չեղարկելու լիազորություն ավելացնելուն:
Օրենսդիրը «82 կողմ», «30 դեմ» ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Մինչդեռ ԼՀԿ խբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնեց, որ օրենքի նախագծին քվեարկել են դեմ, քանի որ խոսքը տարիներ շարունակ չկիրառված օրենքի փոփոխության մասին է:
Հիշեցնենք՝ այս նախագծով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Նշենք, որ նախատեսվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր դրամական ավանդային շեմը 10 միլիոնից դարձնել 16 միլիոն, իսկ արտարժույթով շեմը՝ 5 միլիոնից՝ 7միլիոն ևս ընդունվեց՝ առաջին ընթերցմամբ:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: