Ինչպես եկամտային հարկի, այնպես էլ գույքահարկի դեպքում պետք է լինի նվազագույն չհարկվող շեմ․ տնտեսագետ
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ
- Պարոն Գրիգորյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ, որոնցով վերացվում է գույքահարկի չհարկվող շեմը:
Հարկային օրենսգիրքը գործիք է երկում սոցիալ-տնտեսական քաղաքականության կուրսն իրականացնելու համար: Այսինքն՝ այն, բացի պետական եկամուտներ ապահովելուց, պետք է ունենա նաև գեներացվող արդյունքի վերաբաշխման գործառույթ: Քանի որ Հայաստանում վերջին տարիներին իրականացվել է նեոլիբերալ տնտեսական քաղաքակություն, հետևաբար արդյունքի բաշխման գործառույթն ըստ էության պատճաշ ուշադրությունից դուրս է մնացել: Սա ինչո՞ւ եմ ասում, որ գույքահարկի հարկման բազայի փոփոխության հիմքում պետք է դրվի սոցիալական գնահատական: Մենք՝ իբրև Դաշնակցություն, բազմաթիվ անգամներ ասել ենք և պնդում ենք, որ երկրում պետք է ներդնել պրոգրեսիվ հարկման համակարգ, շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքով, և հիմքում պետք է լինի մարդն ու իր բարեկեցությունը: Նույն պնդումն անում էինք եկամտային հարկի համահարթեցման ժամանակ: Մենք երբեք նպատակ չենք ունեցել և հիմա էլ չունենք բարձրաժեք գույքի նկատմամբ հարկի ցածր դրույքաչափ սահմանել: Հարցը դա չի: Բայց մարդկանց եկամուտները տարբեր են, հետևաբար ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա չի կարելի լրացուցիչ բեռ ավելացնել: Օրինակ, եթե բազմաչափ աղքատ ընտանիքին պետությունը նպաստ է տալիս, որ ապրի, իսկ մյուս կողմից հարկ սահմանում, դա հասկանալի չի: Ինչպես եկամտային հարկի դեպքում, այնպես էլ՝ գույքահարկի դեպքում, պետք է լինի նվազագույն չհարկվող շեմ: Եկամտային հարկի դեպքում հարկը կա, եթե եկամուտը կա, իսկ գույքահարկի դեպքում անկախ նրանից մարդը աշխատանք ունի, աղքատ է, թե ունևոր, գույքը մեծամասամբ միշտ կա, հետևաբար հարկային բեռը ծանրացած է ընտանիքի բյուջեի վրա: Այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել:
- Մաշվածություն ունեցող շենքերի մասով ինչպե՞ս է հարկումը կատարվելու:
Անշարժ գույքի համար հարկ սահմանելիս մաշվածության գործակիցներում փոփոխություններ առկա չէ: Արտոնություններ և այլ կարգավորումներ սահմանված են, որոշակի անշարժ գույքերի նկատմամբ, դրանք կային մինչև փոփոխությունների նախագիծը: Հարկման համար սահմանված հիմնական կոնպոնենտը գույքի արժեքն է, որը հաշվարկվելու է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հիման վրա: Այսինքն, գույքին կտրվի նոր արժեք, ինչն էլ կհանդիսանա գույքահարկի համար հարկման բազա: Եթե Ձեր նշած մաշված գույքը կգտնվի այնպիսի վայրում և ունի արժեք, ապա հարկն արդեն իսկ կա: Անշարժ գույքի հարկման բազան որոշելիս հաշվի են առնվում նախ հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկայությունը, հետո սահմանված հավելվածներով գործակիցները կկիրառվեն, կախված անշարժ գույքի գտնվելու վայրից, մաշվածության աստիճանից, բարձրությունից, հարկայնությունից, վնասվածությունից և այլն:
- Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մասով ի՞նչ կառաջարկեիք, և ինչպե՞ս պետք է անել:
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նախագիծ դեռևս հրապարակված չէ: Հայտարարված է միայն այս համակարգի ներդրման նախաձեռնության մասին: Մայիսի 30-ին վարչապետը կառավարության և ԱԺ ֆինանսական բլոկի ներկայացուցիչներին ընդունեց և հայտարարեց այս համակարգի ներդրման մասին: Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը կարևոր է, այստեղ ավելորդ շտապողականություն պետք չէ, պետք է խորքային ճանաչել առկա բոլոր խնդիրները: Հաճախ լսում եմ, այս համակարգի կողմնակիցները մատնացույց են անում արևմուտքի որոշ երկրներին, որտեղ առկա է: Բայց դա բավարար չի, հաջողված փորձը պետք է ուսումնասիրել, հասկանալ խնդիրներն ու լուծումները: Այստեղ քաղաքական կամք ունենալը բավարար չէ, ինչպես պարբերաբար նշում են, թե քաղաքական կամք ունեն: Այդ քաղաքական կամք ունենալու անվան տակ ամբողջապես կիրառեցին պարտադիր կուտակային համակարգը և ի՞նչ դրանից, արդյունքում ամեն տարի պետական բյուջեից ավելի քան 70.0 մլրդ դրամ գումար հատկացվում է ֆոնդերին: Կարևոր է, թե ինչ ես բերում, ինչպես ես իրականացնում և ինչ նպատակով: Գործիքի կիրառման նպատակն ու մեխանիզմները պետք է հստակ շարադրված լինեն: Այս հարցը նույնպես հանրային քննարկման ենթակա հարց է: Կլինի նախագիծ, բնականաբար կարվեն նաև առաջարկներ, սա որևէ կերպ չպետք է խոչընդոտի տրանսֆերներին, չպետք է խնդիրներ հարուցի այն պարզ մարդկանց համար, ովքեր հանդիսանում են իրենց ընտանիքին եկամուտներով ապահովողը, բայց ծախսեր կատարողները իրենք չեն: