Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե սահմանված կանոնները չպահպանվեն, համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին․վարչապետ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովը  հատուկ նիստում  քննարկում է արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով երկարացնելու մասին Կառավարության այսօրվա որոշումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից ներկայացնելով արտակարգ դրության երկարաձգման պատճառը, ընդգծեց, որ մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել և ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածվել, ուստի որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը երկրում ևս մեկ ամսով երկարաձգել։

«Այսօրվա դրությամբ մենք ունենք 15281 հաստատված դեպք, բուժվել է 5639 քաղաքացի, կորոնավիրուսի պատճառով մահացել է 258 մարդ, ևս կորոնավիրուսով վարակված 86 մարդ մահացել է այլ պատճառով»։

Փաշինյանի փոխանցմամբ ՝ այս պահին ծանր վիճակում է 425, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի։

Վարչապետը տեղեկացրեց, որ բուժհաստատությունները գերբեռնված վիճակում են, թեև մահճակալների և ռեանիմացիոն ծավալումները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

Իրավիճակը Փաշինյանը գնահատեց ճգնաժամային և վերահաստատեց, որ վիրուսի հաղթահարումը վաքագծային և կարգապահական խնդիր է․

«Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում»։

Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ եթե սահմանված կանոնները ճիշտ պահվեին, այսօր արդեն պետք է արձանագրեինք դեպքերի նվազում, մինդեռ, այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք բոլորս պատշաճ կերպով չենք պահում սահմանված կանոնները։

«Եթե սահմանված կանոնները չպահպանվեն, համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին»․

Իրավիճակը վարչապետը համեմատեց երթևեկության հետ, հիշեցրեց, որ մարդկությունը վրաերթերից հնարավորինս խուսափելու համար մշակել է որոշակի կանոններ, և ընդգծեց, որ պետք է սովորենք ապրել նաև կորոնավիրուսի հետ։

Ինչ վերաբերում է  տոտալ արգելափակման ռեժիմին,  հիշեցրեց՝ դրա ոչ էֆեկտիվությունը մի անգամ արդեն ապացուցվել է, ուստի իրավիճակը հաղթահարելու միակ ելքը անհատական վարքագծի փոփոխությունն է։

Նաև չբացառեց, որ հնարավոր է ինչ-որ պահի վերադառնալ այդ ռեժիմին, եթե թվերը էականորեն աճեն։

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց հենց այս պահը վերցնել հակահամաճարակային շարժման պայմանական  զրոյական կետ և պարտավորվել ճշգրտորեն պահպանել հաստատված բոլոր կանոնները։ Վստահեցրեց՝ ինքը նույնպես՝ որպես նախկինում վարակված և վիրուսը հաղթահարած մարդ պարտավորվում է ճշգրտորեն հետևել դրանց։