Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գնդացիր, ինքնաձիգներ․ ոստիկանության բաժիններում քաղաքացիները հրազեններ են հանձնել (տեսանյութ)

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վանաձորում բնակվող 53-ամյա մի տղամարդ հունիսի 11-ին կամավոր հանձել է «Կալաշնիկովի» գնդացիր, փամփուշտների ժապավեններ, տարբեր տրամաչափի 220-ից ավելի փամփուշտ և այլն ու հայտնել, որ իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ և պահել նկուղում։

Դարձյալ հունիսի 11-ին Գյումրում բնակվող 30-ամյա մի տղամարդ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 5,45 մմ տրամաչափի հիսունից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։ Բամբակաշատ գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է տարներ առաջ մահացած հորը պատկանած «Շմայսեր» տիպի ինքնաձիգը, որը գտել է տան նկուղում։

Թմբուկավոր ատրճանակ ու 5,45 մմ տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձել է Գեղարքունիք գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը։ Հունիսի 11-ին Ջերմուկ քաղաքի 48-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձենել է «ՏՕԶ» տիպի հրացան, փամփշտատուփեր, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ և այլն։

Տղամարդու հայտնածով՝ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել։ Սիսիան քաղաքի 53-ամյա մի բնակիչ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած թմբուկավոր ատրճանակը, որը պահել էր կարտոֆիլի հորում։ Նռնակները, նռնակների պայթուցիչները, ծխային քողարկիչ փաթեթները, ինքնաձիգի պահեստատուփն ու տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտը ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է Ուջան գյուղի բնակիչներից մեկը։

Առանց գործարանային համարի ատրճանակն ու 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտը ոստիկանության Մալաթիայի բաժնում կամավոր հանձնել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։