Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ պայմանով ԼՀԿ-ն կմիանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը (տեսանյութ)

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Խորհրդարանում լրագրողներին ասաց՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին իրենք ավելի վաղ են հայտնել, ուստի ԲՀԿ-ին կմիանան պայմանով՝ եթե հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ-ի ներկայացուցիչը:

«Երբ ես ասում էի, որ Խորհրդարանը միգուցե քննիչ հանձնաժողով ստեղծի և քննի, ես դրա մեջ ասել եմ նաև, որ պետք է դիտարկել նաև նպատակահարմարության հարցը, որովհետև ցանկացած հանձնաժողով, որը ձևավորվում է, Դոնթի բանաձևով քաղաքական մեծամասնությունը այդտեղ ունի ձայների մեծամասնություն»:

Մարուքյանը հայտնեց, որ իրենց կուսակցությունը այս ամբողջ ընթացքում իրականացրել է մոնիթորինգ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունն այսօր հայտարարեց կորոնավիրուսի տարածման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին: ԼՀԿ-ին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը:

Մարուքյանը հայտնեց, որ եթե միանան նախաձեռնությանը, հանձնաժողովը ձևավորվելու է սեպտեմբերին: Ինչ վերաբերում է հավաքների ազատության հետ կապված ՍԴ դիմելու նախաձեռնությանը, Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այդ հարցով ինքը դիմել է վարչապետին. «Եթե բողոքը ճնշում ես ու պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա, հետևաբար՝ շատ կարևոր է, որ յուրաքանչյուրը իր ունեցած բողոքը կարողանա արտահայտել»:

Մարուքյանը կարծում է, որ ՍԴ դիմել պետք է վերջնական միջոցները սպառելուց հետո միայն, մինչդեռ այսօր ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որևէ մեկը անվավեր ճանաչելու վերաբերյալ նիստ.

«Մենք կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել և հարցը դնել այդ նիստի օրակարգում»:

«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովի օրակարգում պետք է լինեն կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, դրա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր հարցերը՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական, դավադրական, տեղեկատվական, իրավունքների սահմանափակման․ բոլոր հարցերը քննարկման առարկա են: