Այս նախագծով հիմք է դրվում բռնապետության. ԲՀԿ-ն չի մասնակցի արտահերթ նիստին․ Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որը քննարկելու է Սահմանադրական դատարանին առնչվող Սահմանադրական փոփոխությունների հարցը:
ԲՀԿ-ն նիստին չի մասնակցելու: Այս մասին նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը պնդում է՝ այս նախաձեռնությամբ հիմք է դրվում սահմանադրական հեղաշրջման, և հաստատվում է բռնապետություն.
«ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար նիստի բոլոր մասնակիցները և դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»:
Ինչ վերաբերում է արդեն հրապարակված՝ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց՝ Վենտիկի հանձնաժողովն ասել է, որ պետք է անպայման ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության նախապայման է.
«Մենք ոչ մի անկախություն չենք ապահովում, ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ: Վենտիկի հանձնաժողովը անցումային փուլ էր տվել, մինչդեռ մենք կունենանք անգործունակ Սահմանադրական դատարան, որովհետև, եթե 3-ը դուրս են գալիս, 5 հոգով պետք է որոշում կայացնեն, և մենք սահմանադրական պատային վիճակ ենք ունենալու»:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը երկիրը տանելու է փակուղի:
Զոհրաբյանը չի բացառում, որ կքննարկեն նաև Սահմանդրական դատարան դիմելու հարցը:
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել դատարան, քանի որ օգտատերերից մեկը հրապարակել է, թե քարոզարշավի օրերին ինքը ռեստորաններից մեկում 1 մլն դրամ հաշիվ է փակել.
«Նաիրա Զոհրաբյանը երբեք տղամարդկանց հաշիվ չի փակում, կնոջ մեր և ձեր ընկալումները տարբեր են»: