Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և այսօր քննարկվող նախագիծը ամբողջությամբ համահունչ են. նախարար (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում Սահմանադրական դատարանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Իմ քայլ» իմ քայլը խմբակցության ներկայացրած նախագիծն է: Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չեն մասնակցում: 

Իշխանական  պատգամավոր, նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը նախ շեշտեց՝ ակնհայտ է, որ համավարակով պայմանավորված՝ առաջիկա մեկ տարվում  Հայաստանում հանրաքվե չի կարող անցկացվել, մինչդեռ, ըստ նրա, ՍԴ ճգնաժամի լուծման ձգձումն ուղղակի վնասում է մեր երկրի զարգացմանը և լայնածավալ բարեփոխումներին.

«Հայաստանի Հանրապետությունն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող ՍԴ: Մեր բոլորի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը և ապահեվել երկրի բնականոն զարգացումը»:

Հովակիմյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները: Նրա խոսքով՝ ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին. 

«Ըստ այդմ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել այն ՍԴ դատավորների լիազորությունները, որոնք արդեն իսկ 12 տարվանից ավելի են պաշտոնավարում, իսկ այն անդամ դատավորները, որոնք 12 տարուց պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարվա լրանալը», - նշեց Վահագն Հովակիմյանը:

Հովակիմյանը նաև նշեց, որ  Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը ևս կդադարեցվի:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի՝ արդեն հրապարակված կարծիքին: Նրա խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը և քննարկվող նախագիծը համահունչ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքին.

«Հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 2015 թվականի Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու իշխանությունների կամքի միջև»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախարարից հետաքրքրվեց՝ այս նախագծի առնչությամբ դիմելո՞ւ են Սահմանդրական դատարան:

Բադասյանն ասաց՝ այստեղ երկու արժեքի միջև պետք է ընտրություն կատարվի.

«Մի կողմից ակնհայտ է, որ առկա է ուղիղ ու ակնհայտ շահերի բախման իրավիճակ, մյուս կողմից արդարադատություն իրականացնելու շահն է: Պետք է հաշվի առնել, որ Սահմանադրական դատարանը սահմանադրության փոփոխությունների մասով ունի նախնական վերահսողության գործիքը, որը մինչև վերջին օրենսդրական փոփոխությունները ընդհանրապես սահմանափակված չէր, այսինքն՝ պարզ չէր՝ հակասությունը սահմանադրական դատարանի և սահմանադրության փոփոխությունների միջև ի՞նչ տեսանկյունից պետք է գնահատի»:

Ըստ նախարարի՝ այստեղ գործ ունենք շահերի բախման ուղիղ իրավիճակի հետ, և այդ հարցը պետք է լուծվի: