Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը դրակա՞ն է, թե՞ ոչ․ Տարոն Սիմոնյանի դիտարկումները (տեսանյութ)

«Վենետիկի հանձնաժողովը հստակ գրում է, որ առաջարկված նախագիծը չի համապատասխանում իրենց կարծիքում արտահայտած դիրքորոշումներին»,-այս մասին ԱԺ-ում «Ա1+»-ի հարցադրմանն ի պատասխան ասաց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմի փոփոխման վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը և դրա վերաբերյալ Վենտիկի հանձնաժողովի արդեն հրապարակված խորհրդատվական կարծիքին:

Սիմոնյանը հիշեցնում է՝ հանձնաժողովը անցումային ժամանակահատված է առաջարկել, մինչդեռ այս նախագծում անցումային ժամանակաշրջան ապահովված չէ:

Ընդդիմադիր պատագամավորը խոսում է նաև դատավորների անփոփոխելիության սկզբունքի մասին և նշում, որ դրա իմաստն այն է, որ մի իշխանություն չկարողանա մեկ դատարանում մեծ քանակով դատավորներ նշանակել.

«Եթե երեք հոգի միանգամից նոր իշխանություններն են նշանակում, վտանգ կա, որ բոլորը նույն իրավամտածողությունը պետք է ունենան, և այստեղ իրավական պետության բալանսը կորչում է»:

Սիմոնյանը համոզմունք է հայտնում, որ եթե նախագիծը չուղարկեն Սահմանադրական դատարան, Սահմանադրության դրույթը կխախտեն:

Ինչ վերաբերում է շահերի բախման վերաբերյալ իշխանությունների մտահոգություններին,  Սիմոնյանը հիշեցնում է՝ Վենետիկի հանձնաժողովը դրան անդրադարձել է և արձանագրել է, որ Սահմանադրությունում ամրագրված իմպերատիվ պահանջը, որ պետք է նախագիծը ուղարկվի ՍԴ կարծիքի, պետք է կատարվի, միևնույն ժամանակ նաև ամրագրել է, որ ՍԴ-ն իր որոշումը կայացնելիս պետք է խուսափի շահերի բախմամբ պայմանավորված որևէ որոշումից.

«Երկու մարմնին էլ Վենետիկի հանձնաժողովը հստակ ուղերձ էր հղել՝ Ազգային ժողով՝ դու պետք է ուղարկես, Սահմանադրական դատարան՝ դու պետք է օբյեկտիվ որոշում կայացնես առանց որևէ շահախնդրության»: 

Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս նախագծի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարց չեն քննարկել, իսկ իշխող խմաբակցությունը, այս նախագիծը ընդունելով, ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտում է՝ չեն  հասկանում իշխանական գործընկերների վարած քաղաքականությունը, և բարձրացնում է մի քանի հարց.

«Ի՞նչ իմաստ ունի այդքան ռեսուրս ծախսել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի վրա, եթե դուք լրիվ այլ գործընթաց եք կազմակերպում: Ի՞նչ իմաստ ունի 7 մլն դոլար հատկացնել հանրաքվեի ուղղությամբ, հակաիրավական գործընթաց սկսել, եթե դուք կարող էիք այդ նույն հակաիրավական գործողություններով ինքնուրույն Ազգային ժողովի միջոցով սահմանադրական փոփոխություններ կայացնել: Ի՞նչ իմաստ ուներ փետրվարի 6-ին հայտարարել, որ 213-րդ հոդվածը չի կարող ենթարկվել փոփոխության Ազգային ժողովի կողմից և այսօր հայտարարել, որ 213-րդ հոդվածը կարող է փոփոխության ենթարկվել, ի՞նչ իմաստ ուներ դիմել Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական եզրակացության, եթե մինչ այդ եզրակացությունը դուք նախաձեռնելու էիք Ազգային ժողովում սահմանադրական փոփոխություններ»: