Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նաիրա Զոհրաբյան. կարեւոր է չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք ունենալը (տեսանյութ)

Հունիսի 29-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը` օրակարգում ունենալով ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան»» ծրագրին հանձնաժողովի մասնակցության վերաբերյալ հարցը:

Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է վերոնշյալ ծրագրի շրջանակում իրականացվող տեխնիկական աջակցության դիմելու ընթացակարգը` մշակված ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համար:

Նախատեսվում է հանձնաժողովներին տրամադրել աջակցություն` մինչեւ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում: Ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը` որպես պետական կառավարման համակարգում ընդլայնված դերի շրջանակում` օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում:

Հանձնաժողովի որոշ անդամներ ներկայացրել են իրենց առաջարկները: Մարիա Կարապետյանն անհրաժեշտ է համարել Ատելության խոսքի աշխատանքային խմբի աշխատանքներում իրավաբան-փորձագետի ներգրավումը: Նա նաեւ առաջարկել է դաշտային ուսումնասիրություն անցկացնել եզդի աղջիկների իրավունքների շուրջ` մասնավորապես որպես խնդիր դիտարկելով վաղ ամուսնությունները:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք ունենալը:

Առաջարկների հետագա ուսումնասիրության նպատակով հանձնաժողովը խմբակցություններից ընտրել է մեկական պատգամավոր. ԱԺ «Բարգավաճ Հայաստան»-ից ընտրվել է Շաքե Իսայանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան»-ից` Անի Սամսոնյանը, ԱԺ «Իմ քայլը»-ից` Սարգիս Խանդանյանը:

Հանձնաժողովի անդամները մեկշաբաթյա ժամկետում կներկայացնեն գրավոր առաջարկներ: