Մենք չպետք է ՍԴ-ն Սերժ Սարգսյանի գրպանից հանեինք, դնեինք Նիկոլ Փաշինյանի գրպանը․ Անի Սամսոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք չիրականացրինք նախկին իշխանության ցանկությունը՝ դիմելու Սահմանադրական դատարան ներկայումս և նաև հրաժարվեցինք կատարել իշխանության այն ցանկությունը, որ չպիտի դիմենք Սահմանադրական դատարան»,- «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին ԲՀԿ-ին չմիանալու և այս փուլում ՍԴ չդիմելու համար։
«Ի՞նչ էր ուզում իշխանությունը, որ մենք պիտի լռենք, չդիմենք Սահմանադրական դատարան և չխոսենք այդ խայտառակության մասին, իսկ նախկիններն էլ ուզում էին՝ մենք հիմա դիմենք Սահմանադրական դատարան, այն դեպքում, երբ ՍԴ-ն որոշեց, որ շատ արագ կերպով օրակարգ պիտի մտցնի Ռոբերտ Քոչարյանի գործը»։
Սամսոնյանը պնդում է՝ իրենք հրաժարվեցին լինել քաղաքական գործիք որևէ մեկի համար, նաև կատարել իշխանության ցանկությունը, ուստի քննադատությունները սպասելի էին։
Ինչ վերաբերում է ՍԴ հետագա կազմի հետ կապված ԲՀԿ-ի մտահոգություններին, Սամսոնյանն ասում է՝ համոզված են, որ ԱԺ-ում տեղի ունեցած փոփոխություններով ՍԴ-ից հեռանալու է երկու դատավոր, հետևաբար՝ կարծում են, որ լինելու է բալանսավորված Սահմանադրական դատարան։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է նաև, որ իշխանությունը նախկինում խոսում էր Հրայր Թովմասյանի մասին, ասում էր, որ նա ծառայել է նախկիններին և այլևս չպիտի լինի ՍԴ-ում, մինչդեռ Հրայր Թովմասյանը այսօր շարունակելու է լինել Սահմանադրական դատարանի դատավոր և այնտեղ ունենալու է ձայն։
Ըստ Անի Սամսոնյանի՝ Սահմանադրական դատարանում փոփոխությունների համար իշխանությունն այսօր երկու հրատապ պատճառ ուներ․
«Առաջին պատճառն այն է, որ մենք ունենք իշխանություն, որը դասական պոպուլիստական իշխանություն է և ամեն ինչ անելու է, որպեսզի երկրում բոլոր ինստիտուտները լինեն իրենը, այս իշխանությունը փորձում է Սահմանադրական դատարանը դարձնել իրենը, մենք պիտի ապահովեինք ՍԴ-ի անկախությունը և անաչառությունը և ոչ թե Սերժ Սարգսյանի գրպանից հանեինք, դնեինք Նիկոլ Փաշինյանի գրպանը, երկրորդ պատճառը պայմանավորված է այն իրավական գործընթացներով, որը կա Հայաստանում և հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով»,-նշեց նա։