Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն ընդմիջվեց․ փաստաբանը թեստավորվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է 2008 թվականի մարտին Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստը։
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողներից ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատական նիստի ժամանակ ասաց, որ դատարան մտնելիս ջերմաչափվել է, և ջերմությունը եղել է 36,9 աստիճան։ Փաստաբանը նաև նշեց, որ թեստավորվել է և սպասում է պատասխանի։
Այս գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ եթե դատարանը կարողանա ապահովել համապատասխան սոցիալական հեռավորությունը, ապա խնդիր չի տեսնում նիստը շարունակելու համար։ «Բայց քանի որ դատարանը այդ հնարավորությունը չի տվել՝ սոցիալական հեռավորությունը պահենք, ոչ միայն պարոն Պողոսյանից, մեզանից յուրաքանչյուրիցս, ապա ես կարծում եմ՝ էս դատարավարությունը, էս կարգն ուղիղ հակասում է այն բոլոր հայտարարություններին, որ մեր գործադիր իշխանությունից լսում ենք»,- նշեց Ալումյանը։
Փաստաբաններից Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ կորոնավիրուսային վարակով հիվանդանալն ինքնին չի երաշխավորում հակամարմնի առկայություն։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալը ռիսկային խմբում է։ Միհրան Պողոսյանն նշեց, որ չի ցանկանում, որ իր պատճառով որևէ անձի առողջությանը վտանգ սպառնա․ «Ամեն մեկը, թող, ինքը գնահատի, թե ինչքան է իր առողջությունը կարևոր»։
Դատախազ Գևորգ Բաղադասարյանն ընդգծեց, թե այն, որ սոցիալական հեռավորության համար պայմաններ ստեղծվեն, վիճելի չէ, բայց սոցիալական հեռավորության պահանջները պահպանելու վերաբերալ շեշտադրումները դատական նիստերն անհնարին դարձնելու նոր մոտիվի տպավորություն են ստեղծում։ «Ես առաջարկում եմ դատարանին իր հնարավորության սահմաններում քննարկել սոցիալական հեռավորությունը եղածից ավելի լավ պահելու հնարավորություններ ստեղծելու հարցը, և դատական նիստը շարունակել»,- ընդգծեց դատախազը։ Մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ գործընկերոջ առաջարկին։
«Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հույս հայտնեց, որ դատարանը կգտնի այնպիսի բալանսավորված լուծում, որը հնարավորություն կտա ապահովել նիստերի շարունակականությունը։ Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց 30 րոպե ընդմիջում հայտարարել և ախտահանել նսիտերի դահլիճը։
Դատավորն ընդմիջում հայատարերց․ ընդմիջումից հետո պարզ կլինի՝ նիստը կշարունակվի, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում