Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրամիջոցի մաքսանենգության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ձեռք բերել, որ Աբովյան քաղաքում բնակվող երկու երիտասարդ արտերկրից թմրամիջոցներ են ստանում։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին միացան ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։
Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ երիտասարդները մի տաքսու վարորդի պատվիրել են թմրամիջոցով առաքանին ստանալ ու բերել Աբովյան քաղաք։ Տաքսու վարորդը վերցվեց իրավապահների օպերատիվ տեսադաշտ։ Տղամարդը Երևանում ստացավ առաքանին ու հասցրեց Աբովյան քաղաք։ Երիտասարդները ապրանքը ստանալուց հետո բռնվեցին ու բերման ենթարկվեցին։
Ոստիկանությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, որոնք, ինչպես պարզվեց, փոստային ծառայության միջոցով Հայաստան էր առաքվել ԱՄՆ-ից։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ հայտնաբերվածը առանձնապես խոշոր չափերի մարիխուանա է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: